News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ուկրաինա ռուսական ներխուժման հենց սկզբից Չինաստանը վճռական, թեեւ հրապարակայնորեն աննկատ, դեր է խաղացել ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում ռազմավարական որոշումներ ընդունելու հարցում», գրել է Spectator-ը։

«Հենց Պեկինի միջամտությունն է՝ ըստ որոշ պաշտոնական տեղեկությունների, հանգեցրել այն բանին, որ ԱՄՆ-ը խզի Ուկրաինայի ՌՕՈւ-ի համար լեհերին խորհրդային արտադրության МиГ-29-եր մատակարարելու գործարքը։ Իսկ սեպտեմբերից Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի անձնական դիվանագիտության ակտիվությունը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ հանգեցրել է Ռուսաստանի առիթով հրապարակային համաձայնության հազվադեպ պահի, երբ Սի Ծինփինը Բալիում G20-ի գագաթաժողովում Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը կանխի միջուկային ճգնաժամը եվրասիական մայրցամաքում»։

Ամբողջ պատերազմի ընթացքում դժվար է եղել պարզել Չինաստանի իսկական դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում՝ ոչ վերջին հերթին այն պատճառով, որ Պեկինը երկու կողմերին ասում էր այն, ինչ նրանք ցանկանում էին լսել։ Մարտին Վան Ին, թվում էր, ոչ ակնհայտ ԱՄՆ-ին մեղադրում էր «լարվածության հրահրման» եւ Ռուսաստանի հետ «պառակտում սերմանելու» մեջ։ Անցած ամիս նա իր ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Լավրովին ասել էր, որ «Չինաստանն աջակցելու է ռուսական կողմին՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, ռուս ժողովրդին միավորելու եւ ղեկավարելու հարցում։ Վանը նաեւ հավաստիացրել էր, որ «Չինաստանը պատրաստ է խորացնել կապերը ռուսական կողմի հետ բոլոր մակարդակներում»։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Վան Ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին ասել էր, որ Չինաստանը «նախկինի պես բաց է երկխոսությունների եւ ՆԱՏՕ-ի հետ կարծիքներ փոխանակելու համար եւ պատրաստ է համատեղ նպաստել երկկողմ հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանը... անկեղծության եւ փոխադարձ հարգանքի ոգով»։

Ուրեմն, ո՞ւմ կողմից է Պեկինը։ Իրականությունն այնպիսին է, որ Չինաստանը հետեւողականորեն աջակցել է միայն մեկ կողմի՝ իր սեփական կողմին։

Աղբյուրի խոսքով, որը վաղեմի կապեր ունի Չինաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության բարձր էշելոններում, Պեկինը գիտեր ռազմական գործողություն իրականացնելու Ռուսաստանի պլանների մասին։ Բայց ռուսները գալիք ռազմական գործողությունը ներկայացրին որպես «պատմական սահմաններում ռուսական կորցրած նահանգները վերադարձնելու [եւ] Ռուսաստանին վերամիավորելու սահմանափակ գործողություն»։ Այս նարատիվը համապատասխանում էր Չինաստանի դիրքորոշմանը Թայվանի հարցում, չնայած պարզ էր, որ ռուսական գործողությունը չպետք է խանգարեր Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, որոնք ավարտվեցին փետրվարի 20-ին, այսինքն՝ ներխուժումից չորս օր առաջ։

Ամենագլխավորն այն է, որ «առանց սահմանների բարեկամության» կոնֆիդենցիալ հավելվածում կար անվտանգության փոխադարձ երաշխիք, որը Ռուսաստանը Չինաստանից փորձում էր ստանալ տասնամյակներ շարունակ, բայց մինչեւ այժմ չի կարողացել ստանալ, ասել է աղբյուրը։ Ինչպես եւ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածում, որի համաձայն դաշինքի մեկ անդամի դեմ հարձակումը հարձակում է բոլորի դեմ, Պեկինը եւ Մոսկվան պարտավորվել են միմյանց ռազմական օգնության հասնել իրենց տարածք օտարերկրյա ներխուժման եւ հատուկ պայմանների առկայության դեպքում, որոնք վերաբերում են այդ հարձակման պատճառին։

Ռուսական ռազմական գործողության մասշտաբները, մասնավորապես Կիեւի դեմ կայծակնային գրոհի մանրակրկիտ պահպանվող գաղտնիքը, որի մասին դեռեւս փետրվարի 21-ին անգամ Լավրովը չգիտեր, Պեկինին հանկարծակիի բերեցին։ Չնայած չինացիները պաշտոնապես աջակցում էին Պուտինին դիվանագիտական մակարդակում՝ ՆԱՏՕ-ին մեղադրելով հակամարտության հրահրման մեջ, գոյություն ուներ խոր (եւ միանգամայն հիմնավորված) անհանգստություն, որ Պուտինը չափն անցել է եւ Արեւմուտքին կդրդի միասնական ճակատ ձեւավորել, որից կարելի էր խուսափել Դոնբասում սահմանափակ գործողության դեպքում։

Փետրվարի 27-ին միջուկային էսկալացիայի պուտինյան սպառնալիքը տագնապեցրեց ամբողջ աշխարհին, այդ թվում չիացիներին։ Պեկինի համար առանցքային առաջնահերթությունն այն էր, որպեսզի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի առճակատման մեջ «չլինի որեւէ միջուկային էսկալացիա եւ որպեսզի օգնի հրադադարի ձեռքբերմանը», ասել է աղբյուրը։ Այժմ Պուտինը գործի է դրել իր ամենավտանգավոր խաղաթուղթը հակամարտության ամենասկզբում։

Ուստի, երբ մի քանի օր անց առաջ եկավ հակամարտության հետագա սրման սպառնալիք Լեհաստանի կառավարության առաջարկի տեսքով՝ Ուկրաինա մատակարարել խորհրդային МиГ-29 կործանիչների իրենց ունեցած ամբողջ քանակությունը, չինացիներն անհանգստացան։ Անկեղծ ասած՝ քիչ հավանական է, որ լեհական ՄիԳ-երը ինչ-որ բան կփոխեին մարտադաշտում։ Լեհական МиГ-29-երն արտադրվել էին 1980-ականների սկզբին Արեւելյան Գերմանիայի ՌՕՈւ-ի համար եւ վաճառվել Վարշավային խորհրդանշական՝ յուրաքանչյուրը 1 եվրո գնով 2003թ.։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ որեւէ երկրի կողմից Կիեւին կործանիչներ տրամադրելը կարեւոր խորհրդանշական, թեկուզեւ օպերատիվ տեսակետից ոչ պարտադիր նշանակալի քայլ էր հակամարտությանը ՆԱՏՕ-ին ուղիղ մասնակցության առումով։ Սկզբում Վաշինգտոնը տրամադրված էր դրական։ Բայց մեկ օր հետո՝ մարտի 8-ին, Պենտագոնը փոխեց դիրքորոշումը՝ Լեհաստանի առաջարկը «չկայացած» հայտարարելով։

Ի՞նչը փոխեց Վաշինգտոնի կարծիքը։ Դա մասամբ շտապ եւ կոնֆիդենցիալ փակ նախաձեռնություն էր՝ նախկին եվրոպական առաջնորդների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որն ի վերջո արժանացավ չինացիների հավանությանը։ Փետրվարի 27-ին Պուտինի միջուկային պատրաստության մասին հայտարարությունից հետո ՉԺԱԲ-ը միջզինվորական ուղիներով (ի տարբերություն դիվանագիտականների կամ քաղաքականների) նույնպես կապ էր հաստատել  ռուս գեներալների հետ, որոնց հետ նրանք վաղուց անձնական կապեր են պահպանում։ Պեկինի նպատակն այն էր, որպեսզի երաշխավորի, որ անգամ եթե քաղաքական որոշում ընդունվի միջուկային զենքի կիրառման մասին, ռուսական բանակը կպնդի հետեւել իր վաղեմի միջուկային ռազմական դոկտրինին, որի համաձայն՝ այն կկիրառվի միայն Ռուսաստանի տարածքին հարվածելու սադրանքի դեպքում։ «Երկրորդ ուղղության» այս ոչ պաշտոնական շփումների շնորհիվ Վաշինգտոնը եւ ՉԺԱԲ-ը պայմանավորվեցին, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի ՄիԳ-երի գործարքը, չինացի գեներալները կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի վնասազերծեն պուտինյան միջուկային սպառնալիքն առաջիկայում։ «Դա արդարացվեց»,- ասել է չինական աղբյուրը։ «[ԱՄՆ-ը] որոշեց, որ ինքնաթիռների մատակարարումը չափից ավելին կլիներ»։

Չնայած մարտյան այդ գաղտնի նախաձեռնության մասին մինչ այդ չէր հաղորդվում, փաստը, որ ԱՄՆ-ը սկզբունքորեն զգուշավոր մոտեցում ցուցաբերեց Ուկրաինա ռազմավարական զենքի մատակարարման հարցում ամբողջ պատերազմի ընթացքում, փաստորեն հաստատում է, որ Վաշինգտոնը նախկինի պես գիտակցել է Չինաստանի մտավախությունները։ Չնայած դրամական միջոցների եւ ռազմատեխնիկայի մատակարարումների կտրուկ ավելացմանը, ներառյալ ՆԱՏՕ-ի համար ստանդարտ 155 միլիմետրանոց հրետանին, որը կարող է կրակել կառավարելի ականներով, եւ բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգը, ՆԱՏՕ-ն ձեռնպահ է մնում հարվածային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ՆԱՏՕ-ի համար ստանդարտ տանկեր, հրթիռային համալիրներ եւ թեւավոր հրթիռներ մատակարարելուց։

Միեւնույն ժամանակ, չինական աջակցությունը Մոսկվային մնում էր նույնքան զգույշ։ Պեկինն առաջարկել է դիվանագիտական եւ տեղեկատվական աջակցություն, բայց բացառել է լուրջ ռազմական համագործակցությունը՝ ռուսներին ստիպելով անօդաչուներ գնել Իրանից, կենցաղային տեխնիկան քանդել համակարգչային չիպերի համար եւ փորձել գնել ուղղաթիռներ, հրթիռներ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր զարգացող երկրների իրենց պատվիրատուներից։ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը գլոբալ գործողությունների վերաբերյալ չինական առաջատար շատ բանկերի, ինչպիսին են ICBC-ն, Զարգացման նոր բանկը եւ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, ստիպել է հետ կանչել վարկը եւ ֆինանսավորումը Ռուսաստանից։ Չինական էներգետիկ հսկաները, ինչպիսին է Sinochem-ը, նույնպես դադարեցրել են բոլոր ռուսական ներդրումները եւ համատեղ ձեռնարկությունների աշխատանքը։ Օգոստոսին Visa-ի եւ Mastercard-ի չինական տարբերակը՝ UnionPay-ը, նույնպես դադարեցրել է համագործակցությունը ռուսական բանկերի հետ՝ հղում կատարելով պատժամիջոցներին։

Այս ամսվա սկզբին Բալիի հանդիպման ժամանակ Բայդենի եւ Ծինփինի կողմից միջուկային սպառնալիքի համատեղ դատապարտմամբ այսպես կոչված «երկրորդ ուղղության» մարտյան պայմանավորվածությունները դարձան «առաջին ուղղության» պետական քաղաքականություն։ Չինական աղբյուրի համաձայն՝ Վան Իի մաքոքային դիվանագիտության շնորհիվ ՆԱՏՕ-ն եւ Չինաստանը փաստորեն միավորվեցին Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտության էսկալացիան թույլ չտալու հարցում։ Սեպտմեբերի սկզբից ՆԱՏՕ ղեկավարության հետ մի շարք հանդիպումների ընթացքում Վան Ին խոստացել է օգտագործել Մոսկվայի վրա Չինաստանի զգալի ազդեցությունը, որպեսզի Պուտինին համոզի չկիրառել միջուկային զենք, այն դեպքում, երբ ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն հաստատել է, որ ռազմավարական զենք չի մատակարարի Ուկրաինա։

Բալիի գագաթաժողովում Սի Ծինփինը հրապարակայնորեն կոչ արեց «վերադառնալ դիվանագիտությանը եւ ընդգծեց խաղաղ լուծման որոնման անվերապահությունը»։ Այս դիրքորոշումը դեռ պաշտոնապես պետք է ընդունի ՆԱՏՕ-ն, որը պնդում է, որ ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն, թե երբ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց ՆԱՏՕ շատ բարձրաստիճան անձինք, օրինակ՝ ԱՄՆ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կիեւին առաջարկել են պատրաստվել խաղաղ բանակցությունների։ Իսկ Ռուսաստանի սահմաններին Չինաստանի անվտանգության երաշխիքները մինչեւ ներխուժումը, որոնք տրվել էին դեռեւս փետրվարին, կարող են կարեւոր դեր խաղալ Կրեմլի դեմքը փրկելու հարցում՝ ի հակակշիռ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության հավանական երաշխիքների։

Ո՞րն է խաղաղության կերտման Չինաստանի գինը։ Պեկինը հույս ունի բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի հետ եւ վերջ դնել արյունալի պատերազմին, որն այդքան անխելամիտ ձեւով սկսել է իր դաշնակից Պուտինը։ Չինաստանն Ուկրաինայում, աղբյուրի խոսքով, «վերջին հաշվով ներկայանում է որպես այս աշխարհում խաղաղության վերջին հույս»։ Ուկրաինացիները, որոնց, ամենայն հավանականությամբ, կխնդրեն հող զոհաբերել հանուն խաղաղության, կարող են չհամաձայնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ