Վրաստանը Ռուսաստան ապրանքներ չի մատակարարում՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու միջոցով, ասել է «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հրապարակելով իր խոսքերը հաստատող վիճակագրական տվյալներ 2022թ. արտահանման մասին։
Նա այսպես է արձագանքել CNN-ի լրագրողի հարցին, որը տրվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին այն մասին, թե արդյոք նախատեսվում է Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստան պատժամիջոցների շրջանցմամբ ապրանքներ մատակարարելու եւ այդ կերպ օգնություն ցուցաբերելու հիման վրա։
«Եթե Վրաստանը Ռուսաստան արտահաներ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, արտահանումը Վրաստանից Ռուսաստան 2022թ. պետք է անհամամասնորեն մեծանար»,- ասված է Կոբախիձեի ֆեյսբուքյան էջում տեղակայված հայտարարությունում։
Նա այնուհետեւ ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2022թ. արտահանման ընդհանուր աճը 2021թ. համեմատ կազմել է 36 տոկոս, իսկ արտահանումը Ռուսաստան ավելացել է 7 տոկոսով։