News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ այս քննարկումը մի փոքր վաղաժամ է, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի, Մաքսային միության անդամ է և չի կարող այդքան հեշտությամբ դուրս գալ այդ կազմակերպություններից, ինչը լիովին վաղաժամ է դարձնում ԵՄ հնարավոր թեկնածության քննարկումը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը՝ անդրադառնալով հարցին, թե  Հայաստանի համար կա՞ հնարավորություն դառնալու ԵՄ թեկնածու երկիր, Հայաստանը պե՞տք է դիմի այդ հարցով, թե ոչ:

«Սրանք երկարաժամկետ պարտավորություններ են, որոնց մասին Հայաստանը պետք է ուշադիր մտածի՝ այդ ճանապարհով գնալուց առաջ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն անելիքներ չունի ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարությանն ու եվրոպական արժեքներին ավելի մեծ հանձնառության առումով: Եվ սա նաև մի բան է, որի վրա Եվրամիությունը ցանկանում է աշխատել Հայաստանի հետ, բայց հավանաբար տարբեր գործիքներով, ոչ միայն ընդլայնման հեռանկարով, այլև առկա համագործակցության գործիքներով, որ ԵՄ-ն ունի»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ 2013-ին Հայաստանը բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ, բայց դա ձախողվեց, քանի որ Սերժ Սարգսյանը միացավ Մաքսային միությանը, նա ասաց. «Այդ բանակցությունների ձախողումից հետո Եվրամիության հետ բանակցվեց ևս մեկ համաձայնագիր, որն այժմ Եվրամիությունը մտածում է ընդլայնելու մասին։ Այնպես որ, դա, հավանաբար, չի տա այն նույն հնարավորությունները, ինչ Մոլդովան կամ Ուկրաինան ունեին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրերով և

Ասոցացման համաձայնագրերով, բայց համագործակցության ավելի մեծ հնարավորություններ կտա։ Կարծում եմ՝ Եվրամիությունը իրատեսորեն է վերաբերվում այն փաստին, որ չի կարողանա փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հայաստանի գործընկեր, ու ես չեմ կարծում, որ դա ԵՄ-ի նպատակն է։ Բայց ԵՄ-ն կարող է ավելին անել Հայաստանի ճկունությունն ամրապնդելու համար ինչպես տնտեսական և սոցիալական զարգացման, այնպես էլ

ժողովրդավարական ինստիտուտների առումով: Եվ ես իսկապես կարծում եմ, որ սրանք այն ազդանշաններն են, որ այսօր ուղարկեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ սա այն ճանապարհն է, որով Եվրամիությունը ցանկանում է գնալ Հայաստանի պարագայում»:

Ինչ վերաբերում է նրան, որ Վրաստանին շնորհվել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, նա ընդգծեց. «Սրանք երկու միանգամայն տարբեր իրավիճակներ են, չնայած այն հանգամանքին, որ կան որոշ նմանություններ և որ դրանք երկու հարևան երկրներ են: Վրաստանի ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունները, այն փաստը, որ նա ուներ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր և Ասոցացման համաձայնագիր, հնարավոր են դարձրել, որ Վրաստանը շատ առումներով ավելի մոտ լինի ԵՄ-ին, քան ներկայումս Հայաստանն է:

Իսկ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ, այլ անելիքներ ունի՝ նախքան նմանատիպ ճանապարհով անցնելը։ Հիմա Դուք միանգամայն իրավացի եք, որ Հայաստանը որոշ առումներով ավելի առաջադեմ է, քան Վրաստանը ժողովրդավարական ինստիտուտների առումով։ Կարծում եմ, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը նախևառաջ ազդանշան էր վրաց հանրությանը, որն իր գերակշռող մեծամասնությամբ շատ ոգևորված է եվրոպական հեռանկարով: Այսպիսով, սա ազդանշան էր նրանց ասելու, որ Եվրամիությունը չի մոռանում նրանց մասին: Սակայն Վրաստանի կառավարությանը ներկայացվող պահանջները բարեփոխումների և թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մնում են և հետագայում շատ ուշադիր վերահսկվելու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ