Կիրանցում ավարտվել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի փակ հանդիպումը գյուղացիների հետ: Հանդիպման ավարտից հետո մարզպետը որեւէ հարցի չպատասխանեց եւ հեռացավ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիրանցի գյուղապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է գյուղի բնակիչների հետ: Չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ է տեղադրվել, ոստիկանները միայն Կիրացնի բնակիչներին են թողնում գյուղ մտնել:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը:  Նրանք դժգոհում են երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել էին գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Մայիսի 16-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։