Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհ գնացած հայորդիների համար։
Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, այսօր արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 3 զոհ։ ՇՄՆ-ից հաղորդում են, որ այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկ 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ վնասի չափը դեռևս չի գնահատվել, սակայն այն սարսափելի մեծ է։