Ալպինիստ-դահուկորդ Վարսենիկ Վարդանյանին սպորտի հանդեպ սերը 20 տարեկանում Աշոցքից հասցրեց հյուսիսկովկասյան լեռներ, որտեղ արշավախմբի անդամ Վաչագանի հետ նույն ճոպանով չերքեզական Մուսսա-Աչիտարայի (Դոմբայ) ժայռալեռը հաղթահարելու փորձությունը դարձավ ճակատագրական: Երիտասարդ զույգը ընդմիշտ որոշեց՝ միասին հաղթահարել կյանքի դժվար ճանապարհները:
Վարսենիկի մարզական կարիերան ընդհատեց Արցախյան առաջին պատերազմը: 1990-ին կամավոր ռազմաճակատ մեկնելու դահուկորդուհու փորձերը ձախողվեցին: Ֆիզկուլտ ինստիտուտի ղեկավարությունը հրաժարվեց պատերազմի դաշտ ուղարկել Հայաստանի դահուկավազքի միակ չեմպիոնուհուն: Իսկ դահուկասպորտով կամ ալպինիզմով առաջ գնալու հեռանկար այլևս չկար:
Ձմեռային մարզաձևի Հայաստանի ամենաուժեղ մարզուհին 1991-ին ամուսնացավ մարզընկերոջ՝ Վաչագանի հետ ու տեղափոխվեց Քաղսի: Ձյունառատ Աշոցքից շուրջ 200 կմ հեռու գտնվող այս գյուղում 90-ականներին դահուկավազքի պարապմունքների համար ո՛չ նորմալ պայմաններ կային, ո՛չ մարզագույք, ո՛չ էլ պատերազմող երկրում մարզվելու ու մարզելու սիրտ: Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ավարտած՝ Վարսենիկն աշխատանքի անցավ Քաղսիի դպրոցում:
«Արդեն 32 տարի է Քաղսիի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն եմ: Առաջինից մինչև տասներկուերորդ դասարան գիտեմ, թե որ աշակերտն ինչպիսի ֆիզիկական տվյալներ ունի ու որ մարզաձևում կարող է իրեն դրսևորել: Կրոսավազքից մինչև բազկամարտ, վոլեյբոլից մինչև ֆուտբոլ դպրոցի թիմերը նորանոր հաջողություններ են գրանցում թե՛ մարզային, թե՛ հանրապետական մրցումներում»,- հպարտությամբ նշում է 53 ամյա Վարսենիկն ու պատմում վերջին տարիների իր ամենահաջող «պրոյեկտի»՝ Քաղսիի աղջիկների մանկապատանեկան ֆուտբոլի հավաքականի աղմկալից հաջողությունների մասին:
«Աղջիկները գյուղում ամաչել են ֆուտբոլ խաղալ, կամ էլ բակերում են խաղացել: Ոչ ոք չի հետևել երեխաներին կամ ուղղորդել, որ ֆուտբոլով զբաղվեն: 2021-ին մեր դպրոցում մեկնարկեց «ֆուտբոլը դպրոցում» ծրագիրը: Դպրոցի տնօրենը հարցրեց՝ կարո՞ղ ես աղջիկների ֆուտբոլի թիմ հավաքել, ասացի՝ իհարկե: 2021թ. ձևավորվեց «Քաղսիի աղջիկներ» ֆուտբոլի թիմը, մասնակցեցի Ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած դասընթացին, աղջիկներին մարզելու թույլտվություն ստացանք»,- պատմում է մարզիչ - մանկավարժը:
Թիմի ստեղծման հենց առաջին տարում մանկապատանեկան ֆուտբոլի փորձառու և ուժեղ հավաքականներից մեկի՝ «Նոա-աղջիկներ» թիմի նկատմամբ տարած հաղթանակով «Քաղսիի աղջիկներ» - ը դարձավ Կոտայքի մարզի չեմպիոն: Սկսվեց թիմի աստղային ժամը. լավագույնները Հայաստանի ֆուտբոլային ճանաչված ակումբներում խաղալու հրավեր ստացան: Ավելացավ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու ցանկություն ունեցող աղջիկների թիվը: Այսօր գյուղում արդեն 10, 12, 14 տարեկան աղջիկների երեք թիմ է ձևավորված: Ակումբները, որտեղ այսօր խաղում են «Քաղսիի աղջիկներ»-ը, Հայաստանի տարբեր տարիների չեմպիոններ են:
«Գյուղի աղջիկների թիմից Հայաստանի երկու չեմիպիոն ունենալը մեծ հպարտզություն ու պատիվ է թե՛ ինձ համար, թե՛ թիմի, թե՛ գյուղի»,-նշում է չեմպիոնուհիներ պատրաստած մարզիչը:
Շաբաթական երեք օր մարզիչ Վարսենիկը Քաղսիի ֆուտբոլիստուհիների հետ ավելի քան 55 կմ ճանապարհ է անցնում՝ Ապարան հասնելու և Հայաստանի կանանց միակ ֆուտբոլային ակադեմիայում՝ «Ախթամար» ակումբում մարզումներ անցկացնելու համար:
Հիմնական դժվարությունը, սակայն, ո՛չ հագեցած մարզումներն են, ո՛չ էլ գյուղում խոտածածկ դաշտ չունենալը: «Ֆուտբոլը աղջիկների խելքի բանը չէ» կարծրատիպը կոտրելու համար Վարսենիկը մինչ օրս համառ ջանքեր է գործադրում:
«Շատ եմ չարչարվել. ծնողներ կան մեծ սիրով թույլ են տալիս, ծնողներ կան՝ արգելում են. հետները զրուցում եմ, բացատրում, որ դա ընդամենը երեխաների առողջության համար է, որպեսզի աղջիկները ուժեղ դառնան, կարողանան իրենց պաշտպանել: Դուրս գալով այլ միջավայր՝ զարգանում են, աշխարհայացքն է մեծանում, ձեռք են բերում մեծ կամքի ուժ, իրենց պատասխանատվության զգացումն է մեծանում: Կինը պետք է շատ ուժեղ լինի, որ կարողանա դիմանալ թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական դժվարություններին, իսկ գյուղում հատկապես մեծ են կենցաղային դժվարությունները»,- նշում է նա:
Մարզիչը, որը Քաղսիի աղջիկներին սովորեցրել է գնալ մեծ երազանքների հետևից, ցույց է տալիս իր հին երազանքի նոր հասցեն։ Դպրոցի հետևի ձորակում երբեմնի դահուկորդը ձմռան ամիսներին դահուկավազքի պարապմունքներ է անցկացնում։
«2020թ. պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց, շատերը հիասթափվեցին, ուզում էին երկրից գնալ, երեխաների հետ աշխատանքը նույնպես դժվարացավ, առջևում ձմեռն էր, և ես որոշեցի երեխաների համար նոր մոտիվացիա գտնել: Դահուկներ ձեռք բերեցի և հիմնեցի «Քաղսիի դահուկավազքի մարզական ակումբը»,- պատմում է մարզիչ-մանկավարժը:
Ձմռանը տատիկի հետ դահուկասպորտով են զբաղվում Վարսենիկի վեց թոռները:
Մարզչի գլխավոր նպատակը մտածողություն փոխելն է: Նա իր օրինակով ցույց է տալիս, որ մեկ մարդն անգամ լուրջ փոփոխություններ կարող է բերել իր միջավայրում։
«Յուրաքանչյուր մարդ պիտի ձգտի փոփոխության, առաջընթաց ունենա, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հետաքրքիր դառնա, իմ կյանքում միշտ ձգտել եմ այդպես անել, երբեք չեմ մնացել տեղում, միշտ շարժվել եմ առաջ, ունեցել եմ մեծ կամքի ուժ, համբերություն: Դա սովորեցնում եմ նաև իմ աշակերտներին. ամեն օր, երբ մտնում եմ դպրոց, անպայման պիտի խորհուրդ տամ. «Երեխանե՛ր, ձգտեք առաջ շարժվել, երբեք չնահանջե՛ք, երբեք չհիասթափվե՛ք. ամբողջ կյանքում շատ դժվարություններ եք ունենալու, տեսնելու, դրանց միջով անցնել»,-ասում է Վարսենիկը:
Սյունիքից Շիրակ, Լոռիից Արարատ, Արցախից Արևմտյան Հայաստան: Աշակերտների հետ «Մեծ Հայաստանը» ոտքի տակ տված ուսուցիչը մեծ երազանք ունի՝ հաղթահարել Արարատ լեռան 5165 մետրանոց բարձրությունն ու Հայաստանի դրոշը ծածանել Մասիսի գագաթին:






Թագուհի Մելքոնյան











