News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հասարակ վիճակագրական տվյալներն ուշադիր ուսումնասիրելիս երբեմն կարելի է գտնել զավեշտալի դետալներ: Փետրվարի երրորդ տասնօրյակում հրապարակվեց Ազգային վիճակագրական ծառայության  «Աղքատությունն ու պարենային ապահովությունը» հերթական զեկույցը:

Բնակչության եկամուտների բաժնում աշխատավարձից, կենսաթոշակներից, մասնավոր փոխանցումներից բացի նշված են նաեւ այսպես կոչված «ինքնազբաղվածությունից» ստացվող եկամուտը: «Ինքնազբաղվածություն» ասելով, հասկացվում է եւ կոշկակարի, եւ օլիգարծի եկամուտի աղբյուրը:

Հայաստանում բնակչության «ամենաաղքատների» 10 տոկոսի եւ «ամենահարուստների» 10 տոկոսի եկամուտների տարբերությունը 14 անգամ է: «Ամենաաղքատների» եկամուտների կառուցվածքում 52 տոկոսը կենսաթոշակն ու նպաստն է, եւ միայն 10 տոկոսը` աշխատավարձը: Հետաքրքիր է, որ «ամենաաղքատները» զբաղվում են նաեւ ձեռներեցությամբ, որից ստացվող եկամուտը ընդհանուր ցուցանիշում կազմում է 21 տոկոս:

Քանի որ Հայաստանում միջին աշխատավարձը 300 դոլարին համարժեք դրամ է, ապա տրամաբանական կլինի ենթադրել, որ «ամենահարուստների» եկամուտներում ամենամեծ բաժինն ունի ինքնազբաղվածությունը: Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն, հարուստների եկամուտներում գերակշռում է աշխատավարձը, այն էլ` 51,7 հազար դրամ, եթե ընդունենք, որ ամենահարուստ բնակիչների 10 տոկոսը կազմում է 300 հազար մարդ, կամ 75 հազար ընտանիք: Եթե ընդունենք, որ ընտանիքում երկու աշխատող կա, ապա ամենահարուստների խմբի միջին աշխատավարձը կկազմի 104 հազար դրամ: Հասկանալի է, որ այս թվերը հայաստանցի հարուստի ծիծաղ կառաջացնի: Սակայն ամենազարմանալին այն է, որ հարուստների ընտանեկան բյուջեում 8 տոկոս է կազմում կենսաթոշակը:

Նկատենք, որ 2010թ. դեկտեմբերի 31-ի տվյալով, կենսաթոշակառուների թիվը կազմում էր 520,3 հազար, իսկ միջին կենսաթոշակը` 27,1 հազար դրամ: Առավելագույն կենսաթոշակը 75 հազար դրամ էր:

Հայտնի է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր եկամուտը նշանակում է ծայրահեղ աղքատություն, իսկ զամբյուղի արժեքին մոտ եկամուտը` աղքատություն:  Այս չափանիշից ելնելով` ստացվում է, որ 2010-ին Հայաստանի բնակչության 40 տոկոսը եղել է ծայրահեղ աղքատ, եւս 30 տոկոսը` պարզապես աղքատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ