News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային գրադարանից ավելի քան 300 գիրք գողանալու գործի շրջանակներում, փետրվարի 23-ին, Ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանի տունը խուզարկել են, իսկ իրեն` որպես վկա, արդեն երրորդ անգամ` հարցաքննել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին տնօրենը` նշելով, որ ինքն այս ամենի մեջ դիտավորություն է տեսնում:

Նրա խոսքով` իրեն հարցաքննում էին ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ, որովհետեւ «գործը պարզ է, գողերին էլ բռնել են»:

Բանն այն է, որ Ազգային գրադարանից ավելի քան 300 գիրք գողանալուց հետո դեկտեմբերի 26-ին հանցավոր խումբը վնասազերծվել էր, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման էին ենթարկվել: Խնդիրն այն է, որ մեղադրյալների ինքնությունն արդեն պարզ է, ու քրեական գործով մեղադրանքն էլ առաջադրված, բայց գողոնը համառորեն շարունակում են փնտրել նախկին տնօրենի մոտ:

«Ինձ համար էլ է դա անհասականալի, ես կարծում եմ, որ վերջին շրջանում մի դավադիր անտեսանելի դիրիժորական փայտիկ է գործում»,- ասաց նախկին տնօրենը: Իսկ թե ով է դավադրության կազմակերպիչը, տնօրենը չի շտապում անուններ տալ` շեշտելով, որ իրավունք չունի որեւէ մեկին կասկածելու: Հարցին, թե հնարավո՞ր է, որ գրադարանի ներկա տնօրենն է իր գլխին գործ սարքում, (քանի որ  իր պաշտոնանկությունը մեծ աղմուկ առաջացրեց, աշխատակիցները նույնիսկ բողոքի ակցիաներ են անցկացրել)

նա նշեց, որ չի կարող այդպիսի բան ասել, քանի որ դա պատասխանատու հայտարարություն կլինի: «Իրենք  սարքել են այս ամենը, քարկտիկ են խաղում, անընդհատ շեղվում են դեպի իմ կողմը: Ես բացատրեցի, որ եթե ես ուզենայի գողանալ, այդպես մասսայաբար չէի գողանա»,- ասաց նա:

Ի դեպ, այդ գողությունը չի եղել իր տնօրինության տարիներին: Դավիթ Սարգսյանի խոսքով` իր` տնօրեն եղած ժամանակ, նման դեպք պատահել է 2006թ, որի համար դիմել են համապատասխան մարմիններին, հայտնաբերել են եւ գործը կասեցվել է:

Նախկին տնօրենը տեղեկացրեց, որ բնակարանը խուզարկելուց հետո իրավապահները նրա անձնական գրքերից մեկը տարել են փորձաքննություն անցկացնելու եւ պարզելու` այդ գիրքը գողացված գրքերի ցուցակում կա, թե` ոչ: Դավիթ Սարգսյանը կարծում է, որ գողության գործով բռնվածներն իրականում ընդամենը կատարող են, իրենց պատվիրողներ եւ ուղղորդողներ են եղել:

Հարցին, թե ինչու է նման ենթադրություն անում, տնօրենը նշեց, որ գրապահոցի շենքը 15 հարկ ունի, ու նույնիսկ ինքը, որ այդքան տարի աշխատել է այդտեղ, չի կարող ասել, թե մի քանի միլիոն գրքերի մեջ որ հարկում, որ դարակում ինչ գիրք է  դրված, ուստի` դա շատ լավ գրադարանը տիրապետող անձնավորություն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ