Հայաստանի ազգային գրադարանի արհմիությունն այսօր` հունիսի 15-ին ժամը 13:00-ին գրադարանի բակում կազմակերպում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին գրադարանից:
Մշակույթի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք եւս տեղյակ են բողոքի ակցիա անցկացման մասին: Սակայն, այս անգամ էլ նրանք չմեկնաբանեցին Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին` աշխատանքից ազատելու պատճառները: «Դա ծանուցում է` իր աշխատանքային պայմանագրի ավարտի վերաբերյալ, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- մեզ հետ զրույցում ասաց Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանուցագրեր է ուղարկել 13 տարի Ազգային գրադարանը ղեկավարած Դավիթ Սարգսյանին եւ Երաժշտական գրադարանի 15 տարվա տնօրեն Գուլիկո Նահատակյանին, եւ տեղեկացրել, որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերն այլեւս չեն շարունակելու: Ըստ այդմ, գրադարանների տնօրեններն աշխատանքի մեջ կգտնվեն մինչեւ սույն թվականի հունիսի 17-ը: Ծանուցագրերն անսպասելի են եղել տնօրենների համար, իսկ աշխատանքից ազատելու մասին պատճառներն` անհայտ:




























