News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նախիջեւանում քաղաքական հայացքների պատճառով կարելի է մնալ առանց բժշկական օգնության: Այստեղ անգամ բժիշկներն են հաշվի առնում հիվանդների քաղաքական դիրքորոշումը, եւ դժգոհություն հայտնող անձինք, հատկապես` ընդդիմադիրները, կարող են զրկվել  բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական  «Թուրան» գործակալությունը:

Գործակալության տվյալներով` Նախիջեւանի բնակիչ Սեվինդիկ Ահմեդովը սոցիալական ծանր դրության պատճառով փորձել է վերջ դնել կյանքին մեծ քանակությամբ դեղամիջոցներ ընդունելով: Նախիջեւանի ոչ մի բուժհաստատություն նրան չի ընդունել, քանի որ վերջինս  «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության անդամ է:

Վերջիվերջո, նրան տեղավորել են Նախիջեւանի հոգեբուժական դիսպանսերում, բայց երեք օր անց դուրս գրել: Տեղի իրավապաշտպան Իլգար Նասիբովը հայտարարել է, որ Սեւինդիկի վիճակը դուրս գրվելիս վատ է եղել, նա հազիվ է կարողացել խոսել: Նասիբովը գլխավոր բժշկի հետ զրուցելու փորձ է արել, բայց շենք մտնել չեն թույլատրել, հսկիչն արգելել է:

Սեւինդիկ Ահմեդովը մասնագիտությամբ ինժեներ է,  գործազուրկ: Միակ բանը, որը նրան առաջարկում են` աշխատել բակապահ:

Ահմեդովը երեք երեխաների հայր է, նրա մայրը եւ կինը շաքարախտով են տառապում:

Ահմեդովի ընտանիքի անդամներին կանչել են Ազգային անվտանգության նախարարություն եւ նրանց վրա ճնշում գործադրել այն բանի համար, որ նա ինքնասպանության փորձ է կատարել: Իրավապաշտպանները կարծում են, որ Ահմեդովի ապագայի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Նախիջեւանի իշխանությունների վրա: Ըստ նրանց գնահատման` այստեղ իրենց իրավունքները պաշտպանող մարդկանց անվանում են խելագար եւ ուղարկում հոգեբուժարան, իսկ իսկապես հիվանդներին չեն բուժում, քանի որ նրանք ընդդիմադիր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ