Կառավարության շենքի մոտ այսօր լարված իրավիճակ էր: Վաղ առավոտից այստեղ բողոքի ցույց էին անցկացնում արծվաշենցիները. նրանք պահանջում են կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը: Որոշ ժամանակ անց ցուցարարները փորձել են անցնել ոստիկանների պատնեշն ու կառավարության շենք ներխուժել. նրանց միջեւ բախում է սկսվել:

Բախումից հետո Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել շենքից՝ ցուցարարների հետ հանդիպելու: Արծվաշենցիները պատասխան են պահանջել. ասում են՝ պետք է հասկանան՝ ինչ են անելու, եթե իրենց խնդրին լուծում չի տրվում, հեռանան երկրից: Բողոքներ ունեին նաեւ այլ քաղաքացիներ: Վարչապետը բոլորին հորդորել է իրենց նամակներն ուղարկել, որպեսզի համապատասխան կարգով ընթացք տրվի։ Խնդրել է հասկանալ իրեն. չի կարող բոլորի նամակներն առանձին-առանձին կարդալ: Ի վերջո, ցուցարարների հետ համաձայնության են եկել. հանդիպելու են հոկտեմբերի 2-ին:

Ի դեպ՝ Նյու Յորք այցի մասին. Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով: Պարբերաբար քննարկվում եւ հարցադրում էին հնչում, արդյո՞ք վարչապետի պաշտոնում առաջին անգամ Միացյալ Նահանգներ այցելող Փաշինյանը կհանդիպի Դոնալդ Թրամփին: Այս այցի ընթացքում, սակայն, նման հանդիպում չի նախատեսվում:

Ընտրակաշառք առաջարկելու դեպքով հերթական քրեական գործն է հարուցվել: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաղորդումը ստացել են Երեւանի մի բնակչուհուց. նա պնդել է, որ Արաբկիրի զբոսայգիներից մեկում իրեն 10.000 դրամ գումար են խոստացել՝ կոնկրետ քաղաքական ուժի կողմ քվեարկելու դիմաց: Չի նշվում, սակայն, թե ո՞ր ուժի ներկայացուցիչն է ընտրակաշառք առաջարկել:

Եվս մեկ գործ էլ ավելի վաղ էր հարուցվել՝ դարձյալ ընտրակաշառքի դեպքով: Այս անգամ, սակայն, քվեի դիմաց խոստացված գումարն ավելի գրավիչ է եղել. 60.000 դրամ կամ, դրանից բարձր կենսաթոշակի դեպքում, մեկ ամսվա թոշակի չափով գումար: Ընտրություններին ընդառաջ էլ ուղերձով է հանդես եկել ոստիկանապետը: Վալերի Օսիպյանը զգուշացրել է. ոչ մի իրավախախտի հանդեպ հանդուրժողականություն չի լինելու:

ՀԱՊԿ-ի ներուժը հայ-ադրբեջանական սահմանին չի կարող կիրառվել: Կազմակերպության Միացյալ շտաբի պետն ասում է՝ պարզապես Հայաստանն այդ հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել: Սահմանային իրավիճակի սրման հետ կապված հարցին ի պատասխան՝ Անատոլի Սիդորովը նաեւ հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան ինքնուրույն լուծել խնդիրը եւ, ցանկալի է, խաղաղ ճանապարհով:

Սիդորովը հրաժարվել է պատասխանել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին. մեկնաբանելու իրավասություն չունի: Ասել է՝ խնդրի լուծումը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների բացառիկ իրավունքն է:

Կառույցում Խաչատուրովին Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով փոխարինելու հնարավորության մասին էլ լրագրողները հարցրել են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է նկատվում, ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դառնում. այս իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը, Զոհրաբ Մնացականյանի խոսքով, չի նշանակում, որ Հայաստանը լավ չի աշխատում կառույցում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով Հայաստանից ստացված գործերով առաջին վճիռներն է կայացրել: Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ լայնամասշտաբ բողոքի ակցիայի քաղաքական դրդապատճառներով կանխման մասին ընդդիմադիր ակտիվիստի պնդումներին: Եվրադատարանը որոշել է, որ Հայաստանը Սաղաթելյանին պետք է վճարի 15.600 եվրո՝ որպես վնասի փոխհատուցում եւ 5 հազար եվրո՝ դատական ծախսերի դիմաց: 4.000 եվրո էլ կառավարությունը ստիպված կլինի վճարել ակտիվիստ Վարդգես Գասպարիին. 10 ամսով կալանավորված Գասպարին գանգատվել է կալանքի պայմաններից եւ պատճառներից:

Մեկ այլ՝ «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 52.000 եվրո վճարել: Այն վերաբերում է Աշոտ Գուլյանի 30-ամյա որդուն՝ Լեւոնին, որը մահացել էր ոստիկանության կողմից սպանության գործով որպես վկա հարցաքննվելիս: 2007 թվականի մայիսի 12-ին նրան մահացած էին գտել Երեւանում՝ ոստիկանական տեղամասի բակում. ակներեւորեն նա ընկել էր երկրորդ հարկի պատուհանից:

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի փոխադրման արգելքի կիրառումը երկարաձգվել է. այդ եղանակով ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարեվերջ: Ավելի վաղ վրացական կողմը որոշել էր արգելքը սահմանել սեպտեմբերի 15-ից, հետո՝ հոկտեմբերի 1-ից: Հիմա Վրաստանի կառավարությունը պետք է փոփոխություններ կատարի որոշման մեջ:

Սեպտեմբերի 15-ին Հայաստանից մի քանի տասնյակ բեռնատար մեքենաների վարորդներ 2-3 ժամով փակել էին Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ: Առաջարկվում է փոխադրումներն իրականացնել ջրային, այնուհետեւ երկաթուղային ճանապարհով: Հայաստան ցորենի եւ ալյուրի փոխադրումների սակագների աճը կանխելու նպատակով Հարավկովկասյան եւ Վրացական երկաթուղիները բանակցել են եւ համատեղ որոշում կայացրել. սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգստից Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները 52%-ով կնվազեն:

Հայաստանից Հոլանդիա 20 տոննա մոլիբդեն տեղափոխող բեռնատարը Թուրքիայում թալանել են: Քոջաելի քաղաքում ոստիկանի հագուստով հանցագործները կանգնեցրել են բեռնատարը, վարորդին գցել գետնին, կապել ձեռքերն ու թալանել մեքենան: Կասկածյաներին արդեն ձերբակալել են: Պարզվել է՝ հանցավոր բանդայի անդամներ են, որոնց մի մասը՝ Վրաստանի քաղաքացիներ։ Հանցագործները հասցրել են 3 տարբեր տեղերում վաճառել մոլիբդենը եւ 3 մլն դոլար ստանալ:

Սեպտեմբերի 20-ին դոլարի արժեզրկմանը միացել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 7 դրամ 28 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Սեպտեմբերի 21-ին հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում՝ Երեւանում երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն: