Ի՞նչ էին փնտրում հատուկջոկատայինները Ռուբեն Հայրապետյանի տանը. հարցրեք «պատվերն իջեցնողին»՝ ասում է գործարարը։ Սենատն ընդունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ. փաստաթղթի հեղինակ սենատոր Մենենդեսը հազիվ է զսպում արցունքները։ Այո՜, արձանագրում է ամերիկյան հեռուստաաստղը, «Տեր Աստված, օրհնիր աշխարհի բոլոր հայերին», գրում է երգարվեստի համաշխարհային լեգենդը։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները խաթարված կմնան երկար ժամանակ. արձանագրում է Անկարան։ Ինչո՞ւ Թուրիքան հիմա ստացավ ամերիկյան ապտակը. պարզաբանում է թուրքագետը։ Հայաստանում հեղափոխություն չի եղել. համոզված է քաղաղագետ Միհրանյանը։ գործում են ոչ թե ինստիտուտները, այլ մեկ մարդ։ Իշխանությունը հավանում է Արմեն Դանիելյանին ու Աննա Դանիբեկյանին, ընդդիմությունը՝ Ալեքսանդր Ազարյանին և Դավիթ Գրիգորյանին. ԲԴԽ նախագահի եզրահանգումները։ Մամեդյարովի աղմկոտ հարցազրույցը եւ պաշտոնական Երեւանի արձագանքը. Բաքվի հակահայ քաղաքականությունը ցույց է տվել իրերի իրական պատկերը: Վարչապետ Փաշինյանը ներողություն է խնդրում Նար-Դոսից, այն էլ պաշտոնապես. «մնացած մասով ամեն ինչ ճիշտ է», գրում է Փաշինյանը։

Այսօր՝ վաղ առավոտից մինչեւ երեկո ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տունը։ Գործարարը չգիտի, թե իրավապահները ինչ են փնտրում իր տանը։ Նա հորդորել է հարցնել նրան, ով «պատվերն իջեցրել է»:

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայ Դատի, ամերիկահայ ու հայամետ լոբբիստների տասնամյակների ջանքերն ավարտվեցին Միացյալ Նահանգների Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի միաձայն ընդունմամբ։ Այն արդեն 4-րդ անգամ ներկայացրեցին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։ Նախորդ երեք փորձերը խափանում էին այլ սենատորներ, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձեւի վրա։ Բանաձեւն, ըստ Մենենդեսի՝ նախատեսում է Հայոց ցեղասպանության «պաշտոնական ճանաչում եւ հիշատակում»։ Իսկ Քրուզի խոսքով՝ սա ճշմարտության պահն է, որը շատ երկար ձգվեց։

Նշանավոր երգչուհի Շերը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: Օսկարակիր դերասանուհին նաեւ կադրեր է հրապարակել 1993-ին Հայաստանում բեռնատար օդանավով իր այցից, երբ երկրում, նրա խոսքով՝ «ջուրը օրական 2 ժամով էին տալիս, ջեռուցում չկար եւ ինքը Երեւան մեկնեց կենսականորեն կարեւոր պաշարներով: «Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին», գրել է լեգենդար երգչուհին: Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն էլ, որը նախորդ օրը սոցցանցերի իր 153 միլիոն հետեւորդներին կոչ էր արել նամակներով ու զանգերով հեղեղել Սենատը, խնդրել ու պահանջել սենատորներից ճանաչել բանաձեւը, այսօր միայն մեկ բառ է գրել՝ yes, այո։

Նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բոլոր զոհերի, վերապրածների եւ միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան պայքարել են այս օրվա համար, Twitter-ում գրել է նախագահ Օբամայի նախկին ավագ խորհրդական, ցեղասպանագետ Սամանտա Փաուերը։ Նա նաեւ նշել է. «Մարդիկ, որ սկսել եք լկտիաբար վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան ու տեսեք, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները, նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որպեսզի սա տեղի ունենա»։

Ազգային ժողովի նիստն այսօր սկսվել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ Սենատին երախտագիտության խոսքերով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը միաձայն ընդունելու համար։ Պատգամավորները հոտընկայս ծափերով ողջունել են ամերիկացի սենատորներին։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւը միաձայն ընդունելը կապված է վերջին տարիներին ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում մի շարք խնդիրների հետ։ Սիրիայի հետ կապված Թուրքիայի վարած քաղաքականությունը, խորացող ռուս–թուրքական հարաբերությունները ստիպեցին ԱՄՆ–ին վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսինքն, տարածաշրջանում ուժերի վերադասավորություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ԱՄՆ վերջնական համարեց Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության կայանքների գնումը։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունվելուց հետո էլ Թուրքիան այդ ամենն ի գիտություն չի ընդունել, ինչին հետեւեց արդեն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի միաձայն ընդունումը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր է ասել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, ամերիկահայությանը, բոլոր կառույցներին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել Սենատի որոշման կայացման գործում։ Նա շնորհավորել է հայությանը ճշմարտության պատմական հաղթանակի առիթով, ինչը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր էջ է բացում և այդ գործընթացը բերում է նոր մակարդակի: Փաշինյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար նաև անվտանգային բաղադրիչ ունի․ «Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ այդ պետությունը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար», ասել է նա:

Իսկ Թուրքիան սենատի բանաձեւի ընդունումը համարում է անպատասխանատու քայլ, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ բանաձեւը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին։ Կոնգրեսի անդամները պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկար ժամանակով վնասելու համար»,- գրել է նա Twitter-ում։

Սենատի բանաձևը ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ։ ֆեյսբուքյան գրառման մեջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 համարի բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է, վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ։

Ոչ մի հեղափոխություն Հայաստանում չի եղել, քանի որ հեղափոխության դեպքում փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական ռեժիմի բնույթը, ինչը տեղի չի ունեցել, ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Նրա խոսքով, եթե առաջ Հայաստանում կառավարելի դեմոկրատիայի, փափուկ ավտորիտար ռեժիմ էր, ապա այժմ, ըստ էության, հաստատվել է անձնական իշխանության ռեժիմ։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի հիշում որեւէ դեպք, երբ որեւէ հարցով, որեւէ գործով 7 դատավոր բացարկ հայտնած լինի։ «Սա աննախադեպ բան է եւ լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է իրավակարգը Հայաստանում եւ ինչ հրաշալի դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում մեր օրվա իշխանությունները», ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ անդրադառնալով Քոչարյանի կալանքի հարցը քննող՝ Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի համարում, որ երկրորդ նախագահի գործով դատարանների նկատմամբ թիրախավորումները նվազել են։ Մենք նույն հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության կողմից, այնպես էլ՝ ընդդիմադիրների։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։

Վիկտոր Սողոմոնյանը նաեւ չի հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարեր, թե ինչ–որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին։ «Մենք մինչեւ հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին, ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություններ չկան», – ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկում է «կոնկրետ եւ իրական պահեր»։ «Հայաստանի համար կարեւոր են կարգավիճակն ու անվտանգությունը։ Ինչ է նշանակում կարգավիճակ՝ հասկանալի է, իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Համանախագահներն էլ են այդ պահը ցանկանում հասկանալ։ Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, եւ նրանց անվտանգությունը կապահովվի ամբողջ ծավալով։ Դա մեր պատկերացումն է, իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմինը»,- հարցրել է Մամեդյարովը։

Մամեդյարովի հարցազրույցին արձագանքելով՝ արտգործնախարարությանՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հիշեցրել է Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը, որ կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի կարգավիճակի որոշման իրավունքի ճանաչումն է՝ առանց հարկադրանքի եւ սահմանափակումների: «Դա նշանակում է, որ Արցախի ժողովուրդը կարող է ընտրել ցանկացած տարբերակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից եւ իրավազորությունից դուրս: Տարբերակները, որոնք չեն ապահովում այս իրավունքի իրականացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- շեշտել է Աննա Նաղդալյանը: Ըստ նրա հայերի հանդեպ Ադրբեջանի վարած ատելության քաղաքականությունը ցույց է տվել իրերի իրական վիճակը:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներողություն է խնդրել Նար-Դոսից «նրա հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար»: Ֆեյսբուքում իր գրառման մեջ վարչապետը նաեւ նշել է. «Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմել 477.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 դրամով եւ հասել 533.90 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 10.57 դրամով ու կազմել 640.53 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու կազմել 7.66 դրամ։

Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը բարձրանալու է։ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +1+3, վաղը ցերեկը՝ +5+7 աստիճան ջերմություն։