Երեւանի «Բանանցի» նախկին գլխավոր տնօրեն Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում, հայտնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը:
Թիմի նախկին մարզիչն այժմ համակարգելու է ակումբի մանկապատանեկան դպորցի աշխատանքները, նաեւ՝ մարզչական սեմինարների կազմակերպումը: Ինչ վերաբերում է թիմի նոր մարզչին, որոնումները շարունակվում են: Ներկայումս ակտիվ բանակցություններ են վարվում մի շարք օտարերկրյա մասնագետների հետ:
Արդեն դեկտեմբերի 15-ից թիմը կսկսի նախապատրաստվել նոր սեզոնին: «Բանանցում» վարձավճարով հանդես եկող ուկրաինացի լեգեոներներ Վլադիմիր Ռոմանենկոն եւ Դմիտրի Նազարենկոն արդեն վերադարձել են հայրենիք, իսկ դարպասապահ Ստեփան Ղազարյանը վարձավճարով մինչեւ 2010թ. մարտը հանդես է գալու Իրանում:
Երբ ակումբի ղեկավարությունը կհստակեցնի մարզչի հարցը, այն ժամանակ էլ պարզ կդառնան թիմի ծրագրերը:




























