Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման առիթով, ինչը նոր հեռանկարներ է բացում Բելգիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման համար։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում Բելգիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արարողությանը մասնակցել է նաև Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը։
«Մեզ կապում են վաղեմի պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այսօր դրանք զարգանում են ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման և զարգացման համատեքստում։ Շատ կարևոր է, որ ժողովրդավարությունը մարդկանց, քաղաքացիներին, երկրին բերի բարգավաճում և հաջողություն։ Եվ մենք շնորհակալ ենք Բելգիային այն բանի համար, որ այն աջակցում է մեզ հիշատակված բոլոր նպատակներին հասնելու գործում։ Մենք նաև շատ բարձր ենք գնահատում Բելգիայի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր համագործակցության հարցում։ Եվ մենք գիտենք, որ Եվրամիությունում ունենք ընկերներ, որոնց վրա կարող ենք հույս դնել։ Եվ դա ապացուցվել է բազմաթիվ դեպքերում։ Մենք դա ընկալում ենք որպես հայկական պետականության, ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության և ավելի բարգավաճ, ավելի հաջողակ, ավելի ժողովրդավարական և ավելի ապագայամետ երկիր դառնալու ձգտման շատ համարձակ աջակցություն։
Վստահ եմ, որ այսօրվա իրադարձությունը, ձեր այցը և ձեր անձնական ներկայությունն այստեղ կդառնան մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ևս մեկ հզոր խթան», - նշել է Փաշինյանը։





























