Հայկական դհոլն ու ազգային ռիթմերը հերթական անգամ փոթորկեցին եվրոպական բեմերը։ Անվանի երաժիշտ, դհոլահար Սերգեյ Խաչատրյանը (Էֆո) իր հիմնադրած «Էֆո» դհոլ ակադեմիայի սաների հետ համերգային շրջագայությամբ այս անգամ մեկնել էին Ֆրանսիա։ Շրջագայության աշխարհագրությունն ընդգրկում էր Ֆրանսիայի կարևորագույն մշակութային կենտրոնները։

Համերգային առաջին կանգառը Լիոն քաղաքում էր, որտեղ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած համերգային ծրագրի շնորհիվ հայկական դհոլի հնչյունները ստիպեցին հանդիսատեսին զգալ հայ մշակույթի ողջ հզորությունը։ Հաջորդ կանգառը նոյեմբերի 10-ին էր Վալանս քաղաքում, իսկ նոյեմբերի 11-ին եզրափակիչ ակորդը հնչեց Նից քաղաքում։ Յուրաքանչյուր համերգ վերածվեց իսկական մշակութային տոնի, որտեղ միահյուսվել էին հայկական ավանդականն ու արդիական հնչյունները։ Իսկ հայ երաժիշտները արժանացան ոչ միայն հանդիսատեսի բուռն ծափահարություններին, այլ նաև միջազգային երաժշտական հանրության բարձր գնահատականին։

Ֆրանսիայի քաղաքներում կայացած այս շրջագայության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մշակութային փոխանակումն էր, քանի որ Սերգեյ Խաչատրյանը 2 վարպետության դաս վարեց Վալանս քաղաքի «Վալանս Ռոմանս» կոնսերվատորիայում։ Այդ ընթացքում ֆրանսիացի ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական հարվածային գործիքների նրբություններին, տեխնիկական հնարքներին և այն առանձնահատուկ փիլիսոփայությանը, որը Էֆոն փոխանցում է իր սաներին։ Սա ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական երաժշտական դպրոցը հետաքրքիր ու պահանջված է միջազգային պրոֆեսիոնալ հարթակներում։

Կայացած համերգներից ու վարպետության դասերից հետո Վալանսի կոնսերվատորիայի տնօրեն Դիդիե Վադրոն հատուկ նամակով իր հիացմունքն է արտահայտել Սերգեյ Խաչատրյանի արվեստի վերաբերյալ։

Տնօրենն իր նամակում առանձնահատուկ շեշտել է նոյեմբերի 10-ին Վալանսի «Երաժշտության և պարի տան» դահլիճում կայացած բարձրակարգ ելույթը՝ Էֆոյին որակելով որպես «դհոլի իսկական վիրտուոզ»։

«Հայ երաժիշտը՝ Էֆոն Վալանսի կոնսերվատորիայի հարվածային գործիքների բաժնի ուսանողներին լավագույնս ներկայացրեց հայկական ամենահայտնի գործիքներից մեկը՝ դհոլը, և փոխանցեց հայկական մշակույթին բնորոշ անկրկնելի երաժշտական էներգիա։ Ուսանողները մեծ հետաքրքրությամբ և աննկարագրելի ոգևորությամբ են ընդունել հայ վիրտուոզին՝ ստանալով նոր գիտելիքներ և մասնագիտական ներշնչանք»,- նամակում ընդգծել է Վալանս քաղաքի կոնսերվատորիայի տնօրեն Դիդիե Վադրոն։

«Մեր նպատակը հայկական մշակույթը լավագույնս ներկայացնելն է»,- շեշտում է Էֆոն և հավելում, որ այն ևս մեկ քայլ էր դեպի հայկական դհոլի համաշխարհային ճանաչում. «Տեսնել, թե ինչպես են օտարերկրացի մասնագետները հետաքրքրությամբ լսում ու սովորում մեր ռիթմերը, մեծագույն պատիվ է։ Իսկ իմ սաների ելույթները եվրոպական բեմերում հերթական անգամ ապացույց են, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։

Այս շրջագայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Էֆոն իր սաների հետ հանդիսանում են հայկական մշակույթի յուրօրինակ դեսպաններ, որոնք հայկական ավանդական երաժշտարվեստը աշխարհին ներկայացնելուց զատ ստիպում են միջազգային հանրությանը հարգանքով ու հիացմունքով խոնարհվել հայկական ռիթմի առջև։

Նյութը՝ Լիլիթ Մարկոսյանի