Հունական 14 օդանավակայաններ կառավարող «Fraport Greece» ընկերության ղեկավարը կոչ է արել վերանայել սահմանային հսկողության եվրոպական նոր՝ EES համակարգը՝ հայտարարելով դրա լուրջ թերությունների մասին, գրում է The Guardian-ը:
Ընկերության ղեկավար Ալեքսանդր Ցինելը հայտնել է, որ օդանավակայաններում ստիպված են եղել հատուկ ծածկեր տեղադրել, որպեսզի ստուգման սպասող ուղևորներին պաշտպանեն արևից: Ըստ նրա՝ իրավիճակը դառնում է «տհաճ և նույնիսկ վտանգավոր», հատկապես ճանապարհորդների խոցելի խմբերի համար:
Եվրոպական միության ներդրած «Entry/Exit System» (EES) համակարգը Շենգենյան գոտու մեջ չմտնող երկրների քաղաքացիներից պահանջում է առաջին անգամ մուտք գործելիս հանձնել մատնահետքեր և լուսանկարվել, իսկ այնուհետև ստուգում անցնել սահմանը յուրաքանչյուր հաջորդ հատման ժամանակ:
«Fraport Greece»-ի օդանավակայանները, որոնց թվում են Կորֆուն, Հռոդոսը, Միկոնոսը և Կրետեն, սպասարկում են մեծ թվով զբոսաշրջիկների Մեծ Բրիտանիայից, որը ԵՄ-ից դուրս երկրների ուղևորների ամենամեծ խումբն է:
Ցինելը հայտարարել է, որ գործող ժամանակավոր միջոցները, որոնք սահմանապահներին թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում կասեցնել ստուգումները ծանրաբեռնվածության պիկ ժամերին, չեն լուծում խնդիրը: Ըստ նրա՝ համակարգը լիակատար արդիականացման կարիք ունի, ներառյալ՝ մինչև օդանավակայան ժամանելն ուղևորների նախնական գրանցման հնարավորությունը:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) նույնպես կոչ է արել ժամանակավորապես կասեցնելու նոր կանոնների գործողությունը մինչև հաջորդ ամառ՝ հանրահայտ զբոսաշրջային ուղղություններում զանգվածային ուշացումների ռիսկի պատճառով:
Ավելի վաղ «Ryanair» ավիաընկերությունը հայտնել էր Իսպանիայի և Եվրոպայի այլ երկրների օդանավակայաններում հերթերի հետ կապված խնդիրների մասին, իսկ բրիտանական իշխանությունները զգուշացրել էին Դուվրի նավահանգստում հնարավոր բազմակիլոմետրանոց խցանումների մասին՝ դեպի Ֆրանսիա մեկնող ուղևորների լրացուցիչ ստուգումների պատճառով:
Եվրամիությունում ընդունել են, որ EES համակարգը դեռևս կատարյալ չի աշխատում, սակայն հրաժարվել են դրա ամբողջական կասեցումից: Եվրոպացի պաշտոնյաների տվյալներով՝ սահմանի հատման շուրջ 1500 կետից միայն մոտ 20-ն է բախվում լուրջ դժվարությունների:





























