Իտալիայի ֆինանսական ոստիկանությունն ու մաքսային ծառայությունը խոշոր հատուկ գործողություն են իրականացրել Վադո-Լիգուրե նավահանգստում և 770 կգ կոկաին առգրավել։ Ապօրինի խմբաքանակի շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 250 միլիոն եվրո։

Ինչպես հայտնում է RMF 24 պարբերականը, սա կոկաինի ամենախոշոր խմբաքանակներից մեկն է։ Բարձր որակի թմրանյութը վարպետորեն թաքցված է եղել Էկվադորից ժամանած սառնարանային կոնտեյներում՝ բանանի տակդիրների արանքում։

Մաքսանենգները հույսը դրել են մրգերի քողարկման վրա, սակայն իրավապահների զգոնությունը խափանել է նրանց ծրագրերը։ Այս առգրավումը նավահանգստում իրականացված վերջին տարիների ամենախոշոր հակաթմրանյութային գործողություններից է եղել և լուրջ հարված է հասցրել դեպի Եվրոպա ձգվող թմրաշրջանառությանը։

Ընդամենը երեք շաբաթ առաջ նույն Վադո-Լիգուրեում իրավապահները կանխել էին ևս 340 կգ կոկաինի ներկրում։ Նման դեպքերի հաճախակիացմանն ի պատասխան՝ իշխանությունները խոստանում են արմատապես խստացնել նավահանգստի վերահսկողությունը։