Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Առնո Բաբաջանյան փողոցի 129 շենքի 2-րդ մուտքի 8-րդ հարկից դեպի 7-րդ հարկ տանող հատվածում տարատեսակ աղբի ու կենցաղային իրերի կույտ է գոյացել, որը կարծես թե կամաց-կամաց վերածվում է աղբի բուրգի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Աստիճանավանդակում կուտակված են կոտրված սեղաններ, աթոռներ, փայտի կտորներ, արկղեր, կահույքի և պարկերով հացի մնացորդներ, իսկ այդ հացի մնացորդների հետևանքով նաև արդեն հարկերում հանդիպում են առնետներ։
Կայքի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Խնդիրը ոչ միայն շենքի ընդհանուր տեսքն է վատացնում, այլև կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել, քանի որ ընդհանուր օգտագործման տարածքը փաստացի դարձել է կուտակված իրերի պահեստ։ Մենք պահանջում ենք, որպեսզի խնդրով զբաղվեն պատկան մարմինները՝ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և շենքը սպասարկող համատիրությունը։
Ձեռնարկեն համապատասխան միջոցներ և պարտավորեցնեն տարածքը զբաղեցրած բնակչին հեռացնել կուտակված իրերը»։




























