91-ամյա ամերիկացի Դեյլ Սանդերսն ավարտել է Ապալաչյան արահետով շուրջ 3,5 հազար կիլոմետրանոց արշավը և վերստին նվաճել այն ամբողջությամբ անցած տարեց մարդու տիտղոսը։ Ճամփորդության ընթացքում նա 71 անգամ վայր է ընկել, սակայն նույնիսկ մի քանի ծանր վայրէջքներն ու հիվանդանոցային բուժումը չեն ստիպել նրան հրաժարվել նպատակից, հայտնում է NBC News-ը։

Զբոսաշրջիկների շրջանում «Ալեհեր մորուք» մականունով հայտնի Սանդերսը արշավը սկսել էր սեպտեմբերի 6-ին Արևմտյան Վիրջինիայում և երկուշաբթի օրը հասել Մեն նահանգում գտնվող Կատադին լեռան գագաթը, որը Ապալաչյան արահետի հյուսիսային ծայրակետն է։ Արահետի երկարությունը կազմում է մոտ 2193 մղոն կամ 3,5 հազար կիլոմետր։

Ապալաչյան արահետի պահպանության կազմակերպության կանոնների համաձայն՝ արահետի հաղթահարումը համարվում է լիարժեք արշավ, եթե մարդը դրա բոլոր հատվածներն անցնում է մեկ տարվա ընթացքում, ընդ որում՝ դա կարելի է անել ընդմիջումներով։

Սանդերսն Ապալաչյան արահետում տարիքային ռեկորդ էր սահմանել դեռևս 2017 թվականին, երբ 82 տարեկան էր։ Չորս տարի անց նրա արդյունքը գերազանցել էր 83-ամյա Մ. Ջ. Էբերհարթը, որը հայտնի է «Ճկուն Քոչվոր» մականունով։ Դրանից հետո Սանդերսը որոշել էր հետ վերադարձնել ռեկորդը։

Սակայն երկրորդ արշավը նրա համար շատ ավելի ծանր է անցել, քան առաջինը։ Հունիսին՝ Վերմոնտ նահանգում գտնվող Քիլինգթոն լեռն իջնելիս, նա սայթաքել է քարերի վրա՝ պատռելով ձեռքերն ու ոտքերը։ «Փառք Աստծո, ոչինչ չեմ կոտրել։ Ես պարզապես շարունակեցի քայլել», — պատմել է Սանդերսը։

Ավելի ուշ նրա ձախ ձեռքը թմրել է, և զբոսաշրջիկը հայտնվել է Մեն նահանգի հիվանդանոցում։ Բժիշկները նախապես վախեցել են, թե կաթված է, սակայն պարզվել է, որ պատճառը նյարդի սեղմումն է։ Հետազոտությունից հետո Սանդերսին թույլ են տվել շարունակել արշավը։.

Օգոստոսի սկզբին նա որոշ ժամանակով վերադարձել էր տուն՝ Թենեսի, որպեսզի կնոջը սատարի մոր մահվանից հետո։ Հենց կինն էր համոզել նրան չհրաժարվել ճամփորդությունից։

Երբ Սանդերսն առաջ էր շարժվում երթուղով, նրա նպատակը փոխվեց։ Եթե սկզբում նա առաջին հերթին ուզում էր վերադարձնել ռեկորդը, ապա ժամանակի ընթացքում նրան սկսեց ավելի շատ հետաքրքրել այն, թե իր օրինակն ինչպես է ազդում այլ մարդկանց վրա։ Սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ են հետևում նրա ճամփորդությանը։

«Ես ուզում եմ հետ վերադարձնել այն, բայց այժմ դա երկրորդական է։ Ամենակարևորն այն է, որ մարդիկ մոտիվացիա և աջակցություն են ստանում իմ ջանքերի շնորհիվ», — ասել է Սանդերսը։

Նրա երկրպագուների թվում է եղել նաև Մերեդիտ Էվենսոնը, որը հանդիպել էր 91-ամյա զբոսաշրջիկին Նյու Հեմփշիրում տեղի ունեցախ արշավի ժամանակ։ Նրա խոսքով՝ Սանդերսն իրական տարիքից շատ ավելի երիտասարդ մարդու տպավորություն էր թողնում։ Տեսնելով, թե ինչ արագությամբ է նա շարժվում դժվարանցանելի վայրերում, նա խոստովանել է, որ սկզբում պարզապես չէր կարողանում հավատալ, որ նա 91 տարեկան է։

Սանդերսը ծնվել է 1935 թվականին և մանկության տարիներին ցածր հասակի պատճառով ենթարկվել է հալածանքների։ Ինքնավստահություն է ձեռք բերել անհատական մարզաձևերի, այդ թվում՝ ակրոբատիկայի և լողի շնորհիվ։ Ավելի ուշ ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, իսկ 2002 թվականին անցել է թոշակի՝ զբոսայգիների և հանգստի ոլորտում երկար տարիներ աշխատելուց հետո։

Ապալաչյան արահետը Սանդերսի միակ խոշոր նվաճումը չէ։ Նա նաև Միսիսիպի գետն ամբողջությամբ լողով անցած տարեց մարդն է։ Իր 87-օրյա ճամփորդությունը նա սկսել էր 87-ամյակի օրը։

Նույնիսկ այս արշավի ավարտին տարիքը հետ չի կանգնեցրել Սանդերսին։ Հաղթահարելով գրեթե 19-կլիմետրանոց անցումներից մեկը՝ նա ուժեղ հոգնածություն է զգացել, պառկել ուղղակի արահետի վրա և հայտարարել, որ կարճատև քուն է հարկավոր։ Մի քանի րոպե անց նա արթնացել և շարունակել է ճանապարհը։