Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ ու զարգացմամբ Երևանի շահագրգռվածության մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը նոր հայացք է պահանջում երկկողմ կապերի նկատմամբ: Այս մասին նա ասել է Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում:

«Նախ՝ շատ ուրախ եմ այս հանդիպման, այս առիթի համար, որովհետև իսկապես բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք անհրաժեշտ է քննարկել: Առաջին հերթին ցանկանում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ», — հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի շուրջ տարածաշրջանային իրավիճակն էապես փոխվել է: Մասնավորապես, նա նշել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և հայտարարել, որ նոր պայմաններում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններին անհրաժեշտ է այլ կերպ նայել, քան հակամարտությունների շրջանում:

«Մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել արդեն թարմ հայացքով, և կարծում եմ՝ դա կծառայի մեր հարաբերությունների զարգացմանը: Եվ նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը», — ասել է Փաշինյանը:

Նա մեկնաբանել է նաև Հայաստանի տնտեսությունում ռուսական ընկերությունների դերի մասին Պուտինի խոսքերը: Վարչապետը նկատել է, որ ռուսաստանյան բազմաթիվ ձեռնարկություններ հաջողությամբ աշխատում են հանրապետությունում, շահույթ են ստանում և խոշոր հարկատուներ են: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հայաստանում ռուսական բիզնեսի հետ կապված իրավիճակը միատարր չէ:

«Ռուսական շատ ընկերություններ չափազանց հաջող են գործում Հայաստանի Հանրապետությունում: Դրանք շատ շահութաբեր են, Դուք իրավացի եք, հարկեր են վճարում: Սակայն անհրաժեշտ է այդ ընկերությունները ևս բաժանել երկու մասի. ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են ու զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում», — ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ դա խնդիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար և առաջարկել առանձին քննարկել դրա հետ կապված հարցերը:

Փաշինյանի հայտարարության զգալի մասը նվիրված է եղել Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում երկրի ստանձնած պարտավորությունների վրա եվրոպական ուղեգծի հնարավոր ազդեցությանը:

Վարչապետը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը: Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ խոսքը հենց գործընթացի մեկնարկի, այլ ոչ թե Եվրոպական միությանը երկրի անդամակցության որոշման մասին է:

Նրա խոսքով՝ Երևանը թե՛ օրենքի ընդունումից առաջ, թե՛ դրանից հետո վերլուծել է Ռուսաստանի հետ հարաբերությունների պայմանագրային բազան և ԵԱՏՄ փաստաթղթերը ու իր պարտավորությունների որևէ խախտում չի հայտնաբերել:

«Մենք և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վերլուծել ենք պայմանագրային բազան, որն առկա է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, և պայմանագրային բազան, որն առկա է Եվրասիական տնտեսական միությունում: Եվ, ճիշտն ասած, որևէ խախտում չենք գտել այն պարտավորությունների մասին, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության առջև», — հայտարարել է Փաշինյանը:

Նա վկայակոչել է ԵԱՏՄ պայմանագրի՝ միավորումից պետության դուրս գալու ընթացակարգը կարգավորող դրույթները: Վարչապետի խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է միությունից դուրս գալու որոշման մասին գործընկերներին նախապես ծանուցելու անհրաժեշտություն, ընդ որում՝ նման ծանուցումը պետք է արվի վեց ամիս առաջ:

«Մենք այս պահին մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք այս փաստի վրա», — ասել է Փաշինյանը:

Այսպիսով, հայաստանյան պաշտոնյան փաստացի վիճարկել է այն մեկնաբանությունը, ըստ որի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումն արդեն իսկ նշանակում է ԵԱՏՄ-ն լքելու Երևանի որոշում:

Փաշինյանը պարզաբանել է նաև Եվրոպական միությանն անդամակցելու հնարավոր հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նա հայտարարել է, որ խորհրդարանի կողմից գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում էր տվյալ փուլում նման հանրաքվե անցկացնելու գաղափարից հրաժարում:

Նրա խոսքով՝ ի սկզբանե օրենսդրական նախաձեռնությունը բխում էր քաղաքացիական հասարակությունից: Եթե խորհրդարանը մերժեր օրինագիծը, դրա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, ինչից հետո հանրաքվե անցկացնելու հարցը պետք է դրվեր քվեարկության:

«Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ փաստացի ստացվում է, որ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից», — հայտարարել է Փաշինյանը:

Նա պարզաբանել է, որ նման որոշման պատճառ է դարձել հայկական իշխանությունների կարծիքով բավարար քաղաքական և հասարակական պատրաստվածության բացակայությունը՝ հանրաքվեի դրվելիք հարցը ձևակերպելու համար:

«Այդ հարցը չի հասել այն աստիճանի, որ հնարավոր լիներ հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև», — ասել է վարչապետը:

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ օրենքը չի ընդունվել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Նրա խոսքով՝ Երևանը ձգտում է երկրի համար պահպանել ընտրության հնարավորությունն ու այլընտրանքների առկայությունը:

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկիրն ու մեր ժողովուրդն ունենան այլընտրանքներ: Կարծում եմ՝ դա լեգիտիմ նպատակ է», — հայտարարել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ նման քաղաքականությունն, իր գնահատմամբ, համապատասխանում է ձևավորվող բազմաբևեռ աշխարհի իրողություններին և չպետք է ընկալվի որպես հակառուսական քայլ:

«Սա չի նշանակում, թե մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից», — ասել է վարչապետը՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ունի աշխատանքային և ռազմավարական հարցեր, որոնք Երևանը շարունակում է քննարկել գործընկերների հետ:

«Եվ սա Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության դեմ գործընթաց չէ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները», — շեշտել է Փաշինյանը:

Նա հայտարարել է, որ հայաստանյան իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները կարևոր են համարում իրենց երկրի համար և ակնկալում են, որ Մոսկվան նույնպես դրանք դիտարկում է որպես նշանակալի:

«Մենք պետք է՝ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ մենք անձամբ, շատ հոգատար վերաբերվենք հարաբերություններին», — ասել է Փաշինյանը:

Եզրափակելով՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին հայ-ռուսական կապերի նկատմամբ վերաբերմունքի համար: