Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը գտնում է, որ աշխարհը գլորվում է դեպի դժոխք։
«Ես չեմ վախենում բարձրաձայն ասել, որ աշխարհն այժմ շարժվում է այն ճանապարհով, որը դեպի անվտանգություն չի տանում։ Այն տանում է ուղիղ դեպի դժոխքի դռները։ Այն մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Պրահայում։ Նրա խոսքերը փոխանցել է ČTK լրատվական գործակալությունը։
Եվրոպան, Բաբիշի խոսքով, պետք է կենտրոնանա խաղաղ նախաձեռնությունների վրա։ Նա նշել է, որ պաշտպանական հարցերով միջազգային համաժողովներում գրեթե չի լսում «խաղաղություն» բառը, իսկ մասնակիցների ուշադրությունը ուղղված է ռազմական ուժի կիրառմանը։
Գլոբալ կայունության բացակայության համար Եվրոպան, ինչպես նկատել է Չեխիայի կառավարության ղեկավարը, վճարում է էներգետիկայի ոլորտում աճող գներով, ինֆլյացիայով և արդյունաբերության մրցունակության անկմամբ։ Կենտրոնական Եվրոպայի պետությունները չեն կարող իրենց ապահովել սեփական էներգակիրներով, և այդ պատճառով էներգառեսուրսների ներկայիս ներկրումներից հրաժարվելը լուրջ վնաս է հասցնում դրանց։





























