Եվրահանձնաժողովը պատրաստում է ճանապարհային քարտեզ, որը պետք է հաստատի Ալբանիայի համար Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2027 թվականի վերջ ավարտելու ուղենիշը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով ԵՄ ներկայացուցիչներին։
Փաստաթուղթը միաժամանակ կներառի առանցքային բարեփոխումների և այլ միջոցների ցանկ, որոնք Տիրանան պետք է իրականացնի՝ վերացնելու համար անդամակցության ճանապարհին մնացած խոչընդոտները։ Ակնկալվում է, որ ճանապարհային քարտեզը կընդգրկվի ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան փաթեթում, որը պետք է ներկայացվի հոկտեմբերի վերջին։
Ալբանիան վաղուց է 2027 թվականի վերջն անվանում բանակցությունների ավարտի նպատակային ժամկետ։ Վարչապետ Էդի Ռաման և երկրի իշխանությունների այլ ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ այդ ժամանակացույցը համաձայնեցված է Եվրահանձնաժողովի հետ։ Մինչ այժմ, սակայն, Բրյուսելը պաշտոնապես ժամկետներ չէր սահմանում, քանի որ ԵՄ-ին անդամակցությունը ենթադրում է, որ թեկնածու երկրները կատարեն անհրաժեշտ պայմանները, այլ ոչ թե պահպանեն նախապես սահմանված ամսաթվերը։
«Ինչպես գիտեք, ԵՄ ընդլայնումը չի գործում ըստ ամսաթվերի։ Սակայն որքան երկիրը մոտենում է անդամակցության գործընթացի տեխնիկական մասի ավարտին, այնքան ավելի շատ կարող ենք դրա մասին խոսել կամ տարիները օգտագործել որպես ուղենիշ»,- հուլիսին հայտարարել էր ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
Այժմ Եվրահանձնաժողովի մոտեցումը պետք է փոխվի։ Անցած շաբաթ Եվրոպական խորհրդարանին ուղղված իր ուղերձում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց ամենից առաջադիմած թեկնածու երկրների համար ճանապարհային քարտեզներ պատրաստելու մասին։ Նրանց թվում նա նշեց Ուկրաինան, Մոլդովան և Արևմտյան Բալկանների երկրները։
Ճանապարհային քարտեզները պետք է սահմանեն մոտավոր ժամկետներ և թեկնածու երկրներին ավելի հստակ պատկերացում տան հետագա քայլերի հաջորդականության մասին։ Դրանք կպատրաստվեն ԵՄ ընդլայնման գործընթացի տարեկան գնահատման շրջանակում։
Ալբանիայի համար Եվրահանձնաժողովը միաժամանակ բանակցային գլուխների փակման չափանիշների կատարման վերաբերյալ առանձին զեկույց է պատրաստում: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի արդարադատության և օրենքի գերակայության ոլորտի բարեփոխումներին՝ այսպես կոչված հիմնարար հարցերին։
Փաստաթղթում նախատեսվում է թվարկել կոնկրետ արդյունքներն ու բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մնացած բացերը վերացնելու համար։
ԵՄ անանուն ներկայացուցչի գնահատմամբ՝ նման մոտեցումը նախկինում հաջողությամբ կիրառվել էր Չեռնոգորիայի նկատմամբ, և Եվրահանձնաժողովը մտադիր է այն կիրառել նաև Ալբանիայի համար։





























