Ձեր կարծիքով 2026–ի ԱԺ ընտրությունները անցկացվել են արդար, թե կեղծիքներով. Հարցման մասնակիցների 29.6%-ը նշել է՝ լիովին արդար, 23.1%-ը նշել է ավելի շուտ արդար, այսինքն մոտ 53-54%–ը համարում է, որ արդար են անցկացվել ընտրությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքները:

«Մյուս կողմից 21%-ը նշել է, որ ընտրություններն անցել են ավելի շուտ ընտրակեղծիքներով, և 18.4%-ը նշել է՝  մեծաքանակ ընտրակեղծիքներով։ Այսինքն մոտ 40%-ը կարծում է, որ ընտրությունները անցկացվել են որոշ չափի կամ մեծածավալ կեղծիքներով։

Այս մարդկանց, ովքեր որ նշել են, որ ընտրություններն անցել են կեղծիքներով, մենք խնդրել ենք պատասխանել, թե ում կողմից են այդ կեղծիքները իրականացվել։

Այդ անձանց 39.8 տոկոսը նշել է, որ իշխանության կողմից են կեղծիքները իրականացվել, 33.8% -ը նշել է՝ և իշխանության, և ընդդիմության կողմից իրականացրել են այդ կեղծիքները, և 12.7% -ը նշել է, որ միայն ընդդիմության կողմից են իրականացվել կեղծիքները։

3.3%–ը նշել է այլ ուժեր, իսկ 10.4%–ը դժվարացել է պատասխանել այս հարցին»,–ասաց Նավասարդյանը։

Հարցման մասնակիցներին նաև հարց են ուղղել՝ ինչպե՞ս կգնահատեք գործող ԱԺ–ի գործունեությունը նախորդ գումարման Ազգային ժողովի հետ համեմատած. «7.9%-ը նշել է, շատ ավելի լավ, 19.8% նշել է՝ ավելի շուտ լավ։ Այսինքն մոտ 26% -ը դրական է գնահատում ԱԺ–ի աշխատանքը։  32.8%–ը նշել է, որ նույնն է, ինչ նախորդը, այսինքն բան չի փոխվել բովանդակային առումով, և 11.3% նշել է՝ ավելի շուտ վատ, և 21.4% նշել է՝ շատ ավելի վատ 6.9%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Բացի այդ, հարցադրում է արվել, թե որքանո՞վ եք հավանություն տալիս ներքոշարադրյալ ինստիտուտների գործունեությանը.

ՀՀ կառավարությանը 25.1% -ը միանշանակ հավանություն է տալիս և 30.8% -ը ավելի շուտ հավանություն է տալիս։ 10.8% -ը ավելի շուտ հավանականություն չի տալիս և 29.1%–ը՝ ընդհանրապես հավանականություն չի տալիս։ Դժվարացել է պատասխանել 4.3% -ը։

ՀՀ Ազգային ժողով. 16.8% -ը նշել է միանշանակ հավանություն է տալիս, 24.7%–ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, և 14.5% նշել է՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, և 37.5% -ը նշել է, որ ընդհանրապես հավանություն չի տալիս։ Սա ամենամեծ բացասական ցուցանիշն է բոլոր այս չորս ինստիտուտների գնահատականի մեջ։

ՀՀ նախագահի դեպքում 18.6%–ը միանշանակ հավանություն է տալիս նրա աշխատանքին, 20%–ը ավելի շուտ հավանություն է տալիս։ 29.1% ընդհանրապես հավանություն չի տալիս, բայց այստեղ կա շատ կարևոր ցուցանիշ՝ 23.7% դժվարանում է պատասխանել։

Ինչ վերաբերում է վարչապետին, ապա հարցվածների 31%-ը միանշանակ հավանություն է տալիս նրա աշխատանքին, 22%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, 10.9%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս և 29.3% ը ընդհանրապես հավանություն չի տալիս»,–ասաց նա։