Չինաստանը համաձայնել է 2027 և 2028 թվականներին Միացյալ Նահանգներից տարեկան առնվազն 10 միլիոն մետրիկ Տոննա ածուխ գնել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ գործարքն անվանելով երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային տարաձայնությունների մեղմմանն ուղղված հերթական քայլ․ հայտնում է Bloomberg-ը։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ-Չինաստան առևտրի շուրջ խորհրդի շրջանակում։ Ածխի գնումներից զատ, Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնել են առավել բարենպաստ մաքսային պայմաններ սահմանել մոտ 30 միլիարդ դոլարի ոչ զգայուն ապրանքների համար։

Սպիտակ տանը գտնում են, որ այս համաձայնությունները երկկողմ առևտրային հարաբերություններում առավել հավասարակշռված մոտեցում ձևավորելու ջանքերի մաս են կազմում։

Ամերիկյան ածխի ձեռքբերումը կլինի նոր համաձայնագրով Պեկինի ստանձնած ամենահստակ հանձնառություններից մեկը։ Չինաստանն աշխարհում ածխի խոշորագույն սպառողն է, իսկ Միացյալ Նահանգները՝ այդ վառելիքի առաջատար արդյունահանողներից մեկը։

Սա Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային լարվածության թուլացման հերթական ազդանշանն է։ Վերջին տարիներին երկու երկրները պարբերաբար բարձրացնում էին մաքսատուրքերն ու սահմանափակումներ մտցնում միմյանց ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ։

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները նաև այն ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ, որոնք չեն դասվում զգայուն կատեգորիաների շարքին։

Այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ծինփինի միջև ընթացող շփումների ֆոնին, որոնք նպատակաուղղված են երկրների միջև առևտրային հակասությունների հետագա հարթմանը։