Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանողական բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են մի շարք պետական հաստատությունների վրա, դրանց թվում՝ վարչապետի գրասենյակի, Ներքին գործերի նախարարության և Ալբանիայի բանկի, հաղորդում է ATA գործակալությունը։

Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։

Ակցիան սկսվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 11:00-ին։ Սկզբում ցուցարարները հարձակվել են Կրթության նախարարության և Դուրես փողոցում գտնվող ձեռնարկությունների վրա, որից հետո Ազգի նահատակների բուլվարով շարժվել են դեպի կառավարության շենք։

Ճանապարհին ցուցարարները տեսահսկման տեսախցիկներ, լուսացույցներ և գովազդային կառույցներ են կոտրել։ Այնուհետև նրանք հարձակվել են Ներքին գործերի նախարարության, Տնտեսության և նորարարության նախարարության և Ալբանիայի բանկի վրա։

Հասնելով վարչապետի գրասենյակի տարածք՝ ակցիայի մասնակիցները փորձել են հարձակվել շենքի վրա հրավառությունների և այրվող խառնուրդով շշերի միջոցով, սակայն ոստիկանները կանգնեցրել են նրանց։ Իրավիճակի սրման ֆոնին իրավապահները սկսել են ցրել ամբոխը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Տուժել է նաև «Բուրգը»՝ Տիրանայի հայտնի տեսարժան վայրերից մեկը․ ցուցարարները կոտրել են պատուհանները և հարձակվել շենքի ներսում գտնվող ձեռնարկությունների վրա։

Ցուցարարները պահանջում են բարելավել համալսարաններում ուսման պայմանները, նվազեցնել բարձրագույն կրթության արժեքը, մեծացնել ուսանողների ֆինանսական աջակցությունը և ընդլայնել շրջանավարտներից հետո աշխատանքի տեղավորման հնարավորությունները։ Նրանց պահանջների թվում է նաև կառավարության հրաժարականը։