Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ ուսանողական բողոքների ֆոնին, որոնք երրորդ օրն անընդմեջ Տիրանայում ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, հաղորդում է The Guardian-ը։
Ցուցարարները պահանջում են կառավարության ղեկավարի հրաժարականը, ինչպես նաև՝ համալսարաններում ուսման պայմանների բարելավում և ուսանողների ֆինանսական բեռի նվազեցում։
Մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ նրանք դուրս էին եկել մի քանի խոշոր փողոցներ։ Ակցիաները տարածվել են նաև երկրի այլ քաղաքներ։
«Ինչ վերաբերում է իմ հրաժարականի կոչերին, կառավարությունները փոխվում են ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Մենք անցած տարի ընտրություններ ենք անցկացրել, ոչ թե հեղափոխություն»,- Reuters գործակալությանը գրավոր պատասխաններում հայտարարել է Ռաման։
Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է լսել քաղաքացիների հիմնավորված պահանջները և քննարկել կրթության արժեքի աճը։ Սակայն նա դատապարտել է պետական հաստատությունների վրա հարձակումներն ու գույքի ոչնչացումը։
«Իմ պարտականությունն է լսել մարդկանց, լուծել հիմնավորված խնդիրները և Ալբանիան առաջ տանել։ Այլընտրանքը կնշանակեր դավաճանել ալբանացիներին, որոնք ինձ լայն մանդատ են տվել՝ ավարտելու Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- ասել է Ռաման։
Երեքշաբթի և չորեքշաբթի Տիրանայում ոստիկանության և ցուցարարների միջև շարունակական բախումներ են տեղի ունեցել։ Ցուցարարները ներխուժել են մի քանի կառավարական շենքեր, իսկ դրանցից մեկում հրդեհ է բռնկվել։ Ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի տուժել է իրավապահ մարմինների 51 աշխատակից, իսկ 65 մարդ ձերբակալվել է ոստիկանների և պետական հաստատությունների վրա հարձակումների, ինչպես նաև պետական և մասնավոր գույքը վնասելու կասկածանքով։ Քաղաքային հիվանդանոցում հայտնել են, որ բժշկական օգնության կարիք է ունեցել բողոքի ակցիաների յոթ տուժած մասնակից։
Ներկայիս ելույթները դարձել են ամենալուրջ փորձությունը Ռամայի համար, որը անցած տարի վերընտրվել էր չորրորդ ժամկետով։ Անկարգություններին նախորդել էին մի քանի ամիս տևած հիմնականում խաղաղ ցույցեր, որոնք սկսվել էին Ալբանիայի հարավային ափին էլիտար հանգստավայր կառուցելու ծրագրերի ֆոնին։ Նախագիծն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Նախաձեռնությունը բախվել է իրավական խոչընդոտների և առաջացրել բնակչության մի մասի դժգոհությունը։
Ռաման մերժել է այն մեղադրանքները, ըստ որոնց իշխանությունները բավարար չափով չեն պայքարում կոռուպցիայի դեմ՝ հայտարարելով, որ երկիրը դրա համար ավելի շատ ջանքեր է գործադրում, քան երբևէ։ Նա ընդգծել է նաև, որ թույլ չի տա, որ բռնությունը վտանգի ենթարկի Ալբանիայի եվրոպական ապագան։
Տիրանայում Եվրամիության ներկայացուցչությունը կողմերին լարվածության թուլացման կոչ է արել և դատապարտել բռնությունը, ինչպես նաև պետական և մասնավոր գույքի ավերումը։ ԵՄ-ում ընդգծել են, որ բռնությունն անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ։
Ալբանիան Չեռնոգորիայի հետ միասին համարվում է Արևմտյան Բալկանների երկրների շրջանում Եվրամիությանը միանալու գործընթացի առաջատարներից մեկը։ Տիրանան հույս ունի միանալ միությանը արդեն 2028 թվականին։





























