Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը բախվում է ամերիկյան ռազմական մեքենայի ֆիզիկական հնարավորությունների սահմաններին, գրել է The American Conservative-ը։
Թվում է՝ գալիս է այն պահը, երբ պետք է ընդունել ոչ հեշտ որոշումներ։ Հինգշաբթի CNN-ը հաղորդել էր, որ Ուկրաինայի մոտ սպառվել են ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված հրթիռ-որսիչները։ Այս լուրը հայտնվեց այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ լարված վեճեր էին ընթանում Վաշինգտոնի և Կիևի միջև՝ հետախուզական տվյալների փոխանակման, արբանյակային կապի միջոցով ուկրաինական ռազմական գործողություններին աջակցության և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ Ուկրաինայի հետագա հարվածների շուրջ։
Ուկրաինայի համար սա վատ լուր է, թեև ոչ այնքան անակնկալ։ Վերջին ամիսներին արևմտյան ԶԼՄ-ները տագնապալի նյութեր էին հրապարակում ամերիկյան զինամթերքի պաշարների վիճակի մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սկսեց հերթական ռազմական արշավը Մերձավոր Արևելքում։
Երկու շաբաթ առաջ Axios-ը հաղորդեց, որ Վաշինգտոնը Patriot համալիրներ է տեղափոխել Սաուդյան Արաբիա և Կատար՝ Պարսից ծոցի շրջանում էներգետիկ օբյեկտներն Իրանից և նրա դաշնակիցներից պաշտպանելու համար։ Այս որոշումը անակնկալ չէր. ԱՄՆ-ի և նրանց գործընկերների հետ դիմակայությունում Իրանի գլխավոր գործիքներից մեկը դարձել են նավթագազային ենթակառուցվածքների դեմ հարվածները, որոնց հետևանքներն արտացոլվում են արևմտյան տնտեսությունների վրա։ Saudi Aramco նավթային ընկերության գործունեության պահպանումը մնում է Սպիտակ տան առաջնահերթություններից մեկը, հատկապես այն պայմաններում, երբ վառելիքի գները դարձել են ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունների գլխավոր թեմաներից մեկը։
Սակայն նյութական սահմանափակումներն արդեն իրենց մասին զգալ են տալիս։ Ինչպես նշել է The American Conservative-ը, հրթիռ-որսիչների պաշարները, հավանաբար, առայժմ բավարար են, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա շարունակել պատերազմն Իրանի դեմ՝ առանց սեփական ուժերի համար չափազանց մեծ ռիսկի։ Բայց արշավի շարունակությունը կթուլացնի ամերիկյան զորքերի մարտունակությունը մյուս ուղղություններում։
Ուկրաինայի և ԱՄՆ գործընկերների միջև Մերձավոր Արևելքում ժամանակակից զինամթերքի համար մրցակցությունը երեկ չի առաջացել և արդեն հանգեցրել է սպառազինության վերաբաշխման։ Սակայն Իրանի հետ պատերազմը դարձել է նոր գործոն. ԱՄՆ անմիջական ներգրավվածության և հակամարտության՝ ամերիկյան տնտեսական շահերի վրա ունեցած ազդեցության պատճառով Վաշինգտոնն անխուսափելիորեն դրան ավելի շատ ռեսուրս և ուշադրություն կհատկացնի, քան Եվրոպայում անուղղակի դիմակայությանը։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ամերիկյան զինված ուժերի չափազանց ծանրաբեռնվածությունը կարող էր նաև ազդել Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումների ուժեղացման վրա։
Վաշինգտոնը ստիպված է ընտրել առաջնահերթությունները
Սպիտակ տան՝ Կիևի նկատմամբ ենթադրվող նոր կոշտացման հնարավոր բացատրություններից մեկը, որը քննադատության ալիք էր բարձրացրել արևմտյան մամուլի ուկրաինամետ շրջանակներում, այս սահմանափակումների պարզ ընդունումն է։ Հրթիռներն ու զինամթերքը անվերջ չեն, և ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի համար վտանգի տակ դնել սեփական զինծառայողների անվտանգությունն ու իր տնտեսական շահերը։
Հեղինակը կոշտ եզրակացություն է անում․ ամերիկյան պաշարները սպառվում են, և Կիևը, հնարավոր է, ստիպված լինի հրաժարվել ռազմական աջակցության նախկին մակարդակի հաշվարկներից։
Բայց հարցը մնում է՝ արդյոք Ուկրաինայի թուլացումը չի՞ հանգեցնի պատերազմի հետագա ձգձգմանը։ Հակամարտության տրամաբանությունն աշխատում է երկու ուղղությամբ էլ. երբ Ռուսաստանի վիճակը վատանում է, Ուկրաինան ավելի քիչ է հակված զիջումների, իսկ երբ դժվարություններ են առաջանում Ուկրաինայի մոտ, Ռուսաստանի մոտ պակասում են մարտական գործողությունները դադարեցնելու խթանները։
Հենց դրանով է հեղինակը բացատրում Դոնալդ Թրամփի առաջարկած գործարքի անհրաժեշտությունը, որը նախատեսում է ռուսական դիզելի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումների թուլացում։ Նրա վարկածով՝ Վաշինգտոնը փորձում է մեղմացնել Մոսկվայի դիրքորոշումը՝ տնտեսական օգուտներ առաջարկելով պատերազմի դադարեցման դիմաց։ Սակայն առայժմ պարզ չէ, թե համաձայնագրի շրջանակում արտահանման համար թույլատրված վառելիքի ծավալները որքան նշանակալի խթան կդառնան Կրեմլի համար։
Ամերիկյան ռազմական արդյունաբերությունn ամենազոր չէ
Հեղինակը հիշեցնում է, որ ամերիկյան պաշտպանական արդյունաբերության սահմանափակումներն ու զինամթերքի պաշարների վերջ ունենալը վաղուց քննարկվում են փորձագետների կողմից։ Նրա կարծիքով՝ ոչ քաղաքական կամքը, ոչ սկզբունքայնությունը, ոչ էլ ուկրաինական զինվորականների արիությունը չեն կարող վերացնել սպառազինության արտադրության ֆիզիկական սահմանափակումները։
Միացյալ Նահանգներն ունեն հսկայական ֆինանսական և ռազմական ռեսուրսներ, սակայն նույնիսկ նրանց հնարավորություններն անսահման չեն։ Միաժամանակ, երկու ռազմական գործողությունների թատերաբեմերում լայնածավալ պատերազմներ աջակցելու փորձը ստեղծում է հետևանքներ, որոնք ստիպված կլինեն հաղթահարել Ուկրաինան, ԱՄՆ գործընկերները Մերձավոր Արևելքում և հենց ԱՄՆ քաղաքացիները։
Հեղինակը կարծում է, որ նախկին սխեմայով գործել շարունակելն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ հրթիռների պաշարները կրճատվում են, իսկ դրանք արագ համալրել հնարավոր չէ։
«Հրթիռներն ավարտվում են։ Դրանով էլ պատմությունն ավարտվում է», — եզրափակում է նա։
Եվ ավելացնում է. Թայվանի մասին խոսակցությունն անգամ չարժե սկսել։





























