ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Ասում են հափշտակություն է կատարվել, օրինակի համար 1 միլիարդ 500 միլիոն դրամի, իհարկե դա ընդհանրապես անհիմն է, բայց նույնիսկ իրենց փաստաթղթերում նշված է, որ այդ 1 միլիարդ 500 միլիոն դրամից 800 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ է, որը վճարվել է պետական բյուջե։ Հիմա իրենք դիտարկում են, որ պետական բյուջեում վճարված գումարը հափշտակվել է ինչ-որ համար անձանց կողմից, որն անհնար է։ Սրան դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք։
Ամենակարևոր հարցն այն է, որ Գագիկ Խաչատրյանը ներկա չէր դատական նիստին, նա ցանկություն էր հայտնել, որ ներկայանա դատական նիստին, ի՞նչն է խնդիրը։ Տեսեք, մենք մի հատ լուրջ պրոբլեմ ունենք, որ սեպտեմբերի մեկից Գագիկ Խաչատրյանը կալանավորված է, նրան ոչ մի կերպ թույլ չեն տալիս, որ բժշկական օգնություն ստանա։ Այստեղ արդեն իրավաբանություն էլ պետք չի, այստեղ հասարակ մարդասիրական վերաբերմունք է և կարևոր չի ընդհանրապես՝ ում հետ է հարցը, այսինքն եթե անձը ունի բժշկական օգնության կարիք, ուրեմն այդ օգնությունը պետք է ապահովվի։
Այսինքն, եթե դու ազատության մեջ ես, կարող ես անմիջապես դիմել բժշկի, գնալ հետազոտվել քո ընտրած բժշկի մոտ, նույնը պետք է ունենաս կալանավայրում, այնտեղ, եթե դու դրա կարիքը ունես, դիմում ես «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, իրենք պետք է թույլ տան, որ դու գնաս քո ընտրված բժշկական հաստատությունում, քո ընտրած բժշկի մոտ բուժումների։ Հիմա մենք պարբերաբար այս դիմումները գրում ենք, բայց այստեղ ցավոք սրտի ինչ-որ բյուրոկրատիզմի ենք հանդիպում։ Բյուրոկրատական բոլոր հնարավոր քաշքշուկներով փորձում են թույլ չտալ, ամեն անգամ մեր դիմումին ինչ-որ տեխնիկական մի հատ գրություն են գրում։
Գագիկ Խաչատրյանի վիճակը գնալով վատթարանում է, և այս ամբողջ ընթացքում ինքը բացառապես պառկած դիրքում է գտնվում, և այս պառկած դիրքում գտնվելու հետևանքով նաև պարկելախոցեր են առաջանում, թոքաբորբի նշաններ կան։ Մեր խնդիրն է հենց այս ավելի խորը վտանգները կանխելը, որովհետև միակ բուժումը վիրահատությունն է, որ Հայաստանում հնարավոր չի, բայց այս պառկած վիճակում, եթե համապատասխան ցուցումներ է տրված, բժշկական միջամտությունները չկատարվեն, այս պարկելախոցերը վերածվում են բաց վերքերի։
Մենք դիմել ենք, ասում ենք՝ դուք ինչ բուժում եք առաջարկում, այսինքն ի՞նչ եք առաջարկում և այդ առաջարկած բուժումը անմիջապես կատարեք, նույնիսկ դա չեն պատասխանել։ Տեսեք՝ այսինքն ի՞նչ է ստացվում: Գագիկ Խաչատրյանը հրաժարվեց այս դատական նիստերի մասնակցությունից, որովհետև բնականաբար այս ամբողջ ընթացքում պատգարակով բերել, տանելը սուր ցավեր է նրան պատճառում: Հրաժարվեց, հույս ունենալով, որ նրան թույլ կտան վերականգնողական բուժում ստանա և կարողանա հետագայում մասնակցի նիստերին, բայց տեսնում ենք, որ ընդհանրապես թույլ չեն տալիս:
Այսինքն մենք տեսնում ենք, որ գուցե սա մարտավարություն է. թույլ չտալ, որ բուժում ստանա, չկարողանա դատական նիստերին ներկայանալ, այսինքն մի կողմից բուժում չեն տալիս, մի կողմից պարտադրում են, որ ինքը դատական նիստերին չմասնակցի։ Այս գործը վերաբերում է իր պաշտոնավարման ընթացքում ենթադրյալ կատարած արարքների, այսինքն երբ որ ինքը դատական նիստում ներկա է լինում և որևէ ապացույց է հետազոտվում, ցուցմունք է տալիս, ինքը այնքան կարևոր հանգամանքների վրա է ուշադրություն դարձնում, որ մենք չենք էլ կարող իմանալ պաշտպաններս, որովհետև մենք այնտեղ չենք եղել, այդ իրադարձությունների մասնակիցը չենք եղել, սրանով արդար դատաքննության իրավունքը խախտվում է, հակառակ կողմից էլ թույլ չեն տալիս բուժում։ Դրա համար ստիպված ցանկություն է հայտնել, որ դատական նիստերին ներկա լինի, բայց այսօր դատարանը չէին ապահովել, դատարանը նշեց, որ ժամկետի հետ կապված խնդիր է եղել»,– ասել է Երեմ Սարգսյանը։





























