Կապիտալի ներգրավման գրավականը կանխատեսելիությունն ու հստակ օրենսդրական կարգավորումներն են, և այս առումով Հայաստանում խնդիրներ կան ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլև, օրինակ, շինարարության թույլտվությունների տրամադրման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա նկատել է, որ օրենսդրությունը պետք է լինի առավել ճկուն՝ շեշտելով ծայրահեղություններից խուսափելու անհրաժեշտությունը։ Պատգամավորի խոսքով՝ հանրային լսումների ժամանակ տեղական համայնքների վետոյի իրավունքը հաճախ հանգեցնում է խիստ ու կատեգորիկ սահմանափակումների, մինչդեռ այդ կարծիքը պետք է կրի խորհրդատվական բնույթ և ոչ թե լինի պարտադիր արգելք։
Թունյանն ընդգծել է, որ փորձը ցույց է տալիս, որ համայնքի բնակիչները կարող են գտնվել ապատեղեկատվության ազդեցության տակ, կամ էլ կարող են այլ գործոններ ազդել, ինչն ի վերջո վտանգում է նախատեսվող բազմամիլիոնանոց ներդրումները։ «Սա անթույլատրելի շռայլություն է մեր երկրի համար»,— հայտարարել է պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ երկրաբանահետախուզական աշխատանքների նկատմամբ պետք է էլ ավելի մեծ ճկունություն ցուցաբերել, քանի որ նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչ կա տվյալ տարածքի ընդերքում, արդյունքները ներկայացնել հանրությանը և միայն դրանից հետո որոշել զարգացման հետագա ուղղությունները՝ զբոսաշրջությո՞ւն, գյուղատնտեսությո՞ւն, հանքարդյունաբերությո՞ւն, թե՞ այս ամենը միասին։ «Իսկ երբ գործընթացը կասեցվում է առանց հստակ տեղեկատվություն ունենալու, դա որևէ լավ բանի չի հանգեցնում»,— եզրափակել է Թունյանը։




























