Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, հազարավոր երիտասարդներ դուրս են եկել բողոքի ակցիայի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Երիտասարդական ելույթների հինգերորդ օրը կրթության նախարարության շենքի մոտ անցկացվող ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների, փոխանցել է Reuters-ը։

Բողոքողները հանդես են գալիս կոռուպցիայի և աշխատատեղերի անբավարարության դեմ։

Դիմակավորված երիտասարդների մի խումբ սկսել է քարեր նետել ոստիկանների վրա, վերջիններս կիրառել են լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ոստիկանության տվյալներով՝ այդ պահին ձերբակալվել է անկարգությունների շուրջ 500 մասնակից, որոնցից 330-ը հետագայում ազատ է արձակվել։ Վիրավորումներ են ստացել մոտ 120 ոստիկան և 45 ցուցարար։ Միևնույն ժամանակ, ցուցարարների շրջանում տուժածների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր դեպքերն են ներառվել պաշտոնական վիճակագրության մեջ։

Իշխանություններից դժգոհությունը տարածվում է նաև մայրաքաղաքից դուրս։ Շաբաթվա սկզբին Տիրանայում բողոքի մասնակիցները կոտրում էին պատուհաններ, հրկիզում կառավարական շենքեր և բախվում իրավապահների հետ։

Ռաման, որը ղեկավարում է կառավարությունը 2013 թվականից և անցյալ տարվա ընտրություններից հետո ստացել է չորրորդ ժամկետը, կատարվողն անվանել է իր իշխանության համար ամենալուրջ փորձություններից մեկը։ Այս շաբաթ Reuters-ի հարցազրույցում նա հայտնել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։

Շաբաթ օրը վարչապետը Facebook-ում գրել է, որ իր կառավարությունը հարգում է ուսանողներին և պաշտպանելու է նրանց բողոքի իրավունքը։ Նա նաև հայտարարել է 2030 թվականին Ալբանիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։

Բողոքները ծավալվում են բազմամյա կոռուպցիոն սկանդալների և այն մեղադրանքների ֆոնին, թե Ալբանիան դարձել է թմրանյութերի և զենքի առևտրից ստացված փողերի լվացման կարևոր կենտրոն։ Այս խնդիրները բարդացնում են երկրի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը։

Ներկայիս ելույթներին նախորդել էին մի քանի ամիս տևած հիմնականում խաղաղ բողոքներ՝ Ալբանիայի անձեռնմխելի մնացած հարավային ափին շքեղ հանգստավայր կառուցելու ծրագրերի դեմ։ Նախագծի ներդրողների թվում են Ջարեդ Քուշների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի հետ կապված ընկերությունները։ Գյուղերից մեկի բնակիչները Reuters-ին հայտնել էին, որ իրենց հողն ապօրինի վաճառվել է կառուցապատման համար։ Միևնույն ժամանակ, գործակալությունը չի հայտնաբերել Քուշների անօրինական գործողությունների ապացույցներ, որը հողի շուրջ վեճին անմիջականորեն չի մասնակցում։