Ալբանիայում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք ընդգրկել են մայրաքաղաք Տիրանան և երկրի այլ քաղաքներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը՝ նրա կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի, գործազրկության խնդիրը լուծելու անկարողության և կրթության նկատմամբ անբավարար ուշադրության մեջ, հաղորդում է Reuters-ը։
Իշխանությունները բացառում են վարչապետի հրաժարականը, իսկ ինքը՝ Ռաման, հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ բողոքի ցույցերը վտանգ են ներկայացնում ոչ թե իր կառավարության, այլ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղու համար։
Նախօրեին՝ շաբաթ օրը, հազարավոր երիտասարդներ հավաքվել էին Տիրանայի կենտրոնում գտնվող Կրթության նախարարության մոտ։ Ակցիան վերածվել է բախումների․ մասնակիցները ոստիկանների վրա քարեր են նետել, ինքնաշեն հրկիզիչ խառնուրդներ և հրավառության միջոցներ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։
Ոստիկանության տվյալներով, անկարգությունների հինգ օրվա ընթացքում ձերբակալվել է 167 մարդ, իսկ իրավապահ մարմինների 132 աշխատակից ստացել է վնասվածքներ։ Յոթ ոստիկան ծառայությունից ժամանակավորապես հեռացվել է՝ լիազորությունների հնարավոր չարաշահման քննության ընթացքում։
Բողոքի ցույցերին միացել են նաև դպրոցականներ և ուսանողներ։ Նրանք հանդես են գալիս կոռուպցիայի, աշխատատեղերի պակասի և կրթական համակարգի խնդիրների դեմ։ Դժգոհությունը կապված է նաև Ալբանիայի ափին էլիտար առողջարանային համալիր կառուցելու ծրագրերի հետ, որոնք աջակցվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների կողմից։ Այդ նախագծի դեմ բողոքի ցույցերը սկսվել էին դեռ ամռանը և սկզբում հիմնականում խաղաղ բնույթ էին կրում։
Ռաման, որը իշխանության է 2013 թվականից, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Նա պնդում է, որ Ալբանիան պետք է շարունակի շարժվել դեպի Եվրամիության անդամակցություն, որին կառավարությունը հույս ունի հասնել մինչև 2030 թվականը։ Լարվածության ֆոնին կիրակի օրը սպասվում էր ցույցերի նոր ալիք։





























