Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կառավարությանը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում քննարկել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումն ամբողջությամբ արգելելու հնարավորությունը։

Հաջորդ վեց ամսվա ընթացքում կառավարությունը պետք է օրենսդրության շրջանակում համապատասխան միջոցներ ձեռնարկի։

Ժապարովի խոսքով՝ նախաձեռնությունը պայմանավորված է բնակչության առողջության վրա էներգետիկ ըմպելիքների ազդեցության վերաբերյալ մտահոգությամբ։

Նախագահը ներկայացրել է ըմպելիքների սպառման վիճակագրությունը։ 2025 թվականին Ղրղզստանի բնակիչները խմել են 54 մլն 199 հազար լիտր էներգետիկ ըմպելիք՝ մոտ 129 մլն տարա։ 2026 թվականի առաջին կիսամյակում ցուցանիշը հասել է 36 մլն 83 հազար լիտրի կամ մոտ 85,9 մլն տարայի։

Ընդ որում՝ անցյալ տարի երկրում արտադրվել է 25 մլն 263 հազար լիտր էներգետիկ ըմպելիք։ Եվս 28 մլն 430 հազար լիտր ներմուծվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, իսկ 1 մլն 239 հազար լիտր՝ այլ երկրներից։

Ղրղզստանի նախագահն ընդգծել է, որ հիվանդությունների կանխարգելումն ավելի կարևոր է, քան դրանց հետևանքների դեմ պայքարը, և կոչ է արել հաշվի առնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման ռիսկերի մասին բժիշկների նախազգուշացումները։