Ueno թվային բանկի փլուզմամբ հրահրված քաղաքական և ֆինանսական ճգնաժամի ֆոնին Պարագվայի փոխնախագահ Պեդրո Ալյանան ուրբաթ օրը տված երդմամբ ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, հաղորդում է Reuters-ը։

Ալյանան երկրի ղեկավարումը ստանձնել է Սանտյագո Պենյայի պաշտոնանկությունից հետո։ Սնանկացած բանկի հետ ունեցած կապերը դարձել էին Պենյայի իմփիչմենթի գլխավոր պատճառներից մեկը։ Սենատը միաձայն քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին, ինչից անմիջապես հետո Ալյանան տվել է նախագահի երդումը։

Ճգնաժամը ծագել է այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը միջամտել է Ueno-ի գործունեությանը։ 2021-ին հիմնադրված այս բանկն արագորեն ընդլայնել էր հաճախորդների բազան՝ սպասարկելով երկրի բնակչության զգալի մասին։ Սակայն հետաքննության ընթացքում լուրջ հարցեր են առաջացել բանկի վարկային քաղաքականության, ինչպես նաև քաղաքական ու ֆինանսական վերնախավի հետ դրա ունեցած կապերի վերաբերյալ։

Այժմ ավանդատուները պահանջում են վերադարձնել սառեցված միջոցները։ Մայրաքաղաք Ասունսիոնում բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներն իշխանություններին կոչ են արել արագացնել վճարումները։ Տուժածների թվում կան նաև կենսաթոշակառուներ, որոնք պետական նպաստները ստանում էին Ueno-ի միջոցով։ Իշխանությունները ներկայում փորձում են մեղմել ճգնաժամի ազդեցությունը և թույլ չտալ, որ այն հարվածի երկրի ողջ ֆինանսական համակարգին։