Իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման անդամ Ամար Զիբենը հայր է դարձել` չնայած այն հանգամանքին, որ արդեն 15 տարի գտնվում է Իսրայելի բանտում: Երկու դուստրերի հայրը երազում էր որդու մասին, որի իրականացման համար խոչընդոտ չէին անգամ բանտի պատերը:
32 անգամ ցմահ դատապարտված Ամմարը կարողացել է իր սերմնահեղուկը փոխանցել կնոջը` Դալլալին` շրջանցելով խիստ հսկողությունը. թե ինչպես է ոչ սովորական ծանրոցը հասել հասցեատիրոջը, ընտանիքը գաղտնի է պահում, հայտնում է LifeNews-ը:
Որպեսզի հատկապես տղա լույս աշխարհ գա, Դալլալը դիմել է Նաբլուս քաղաքում գտնվող անպտղության բուժման հիվանդանոց, որտեղ բժիշկները իրականացրել են արհեստական բեղմնավորում` նախապես ընտրելով ապագա երեխայի սեռը:
Փոքրիկը, որին անվանել են Մուհամմադ, լույս աշխարհ է եկել Նաբլուսի հիվանդանոցում օգոստոստի 13-ին կեսարյան հատման միջոցով:
Տղայի ծնունդը ողջունել են Զիբենի ընտանիքի համակիրները եւ պաղեստինյան այլ բանտարկյալների կանայք, ովքեր հիվանդանոցի լուսամուտների ներքո ծափողջյուններով դիմավորել են փոքրիկի լույս աշխարհ գալու մասին լուրը:




























