Էլթոն Ջոնի խմբի 56-ամյա բաս կիթառահար Ռոբերտ Բերչին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տան մոտակայքում:

Երաժշտի` գլխի մասում հրազենային վնասվածքներով մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 15-ի առավոտյան: Վնասվածքի բնույթից ելնելով` ենթադրվում է, որ Բոբ Բերչը ինքնասպան է եղել, սակայն այս տարբերակը դեռեւս քննվում է: Երաժշտի մարմնի մոտ  ոչ մի ետմահու նամակ չի գտնվել, այն գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ոստիկանները նաեւ նկատել են, որ թմրադեղերի օգտագործման բացահայտ նշաններ եւս չկան, հայտնում է «Ռուսական թերթը»:

Էլթոն Ջոնի պաշտոնական կայքում տեղադրված է երաժշտի կնոջը ` Միշել Բերչին եւ նրանց որդիներին  ուղղված ցավակցական խոսք:

Բոբ Բերչը Էլթոն Ջոնի խմբի կազմում սկսել է հանդես գալ 1990 թ-ից եւ 20 տարիների ընթացքում նրա հետ շրջագայել է ողջ աշխարհով: Ռոք երաժիշտը հանդես է եկել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բիլի Ջոելը, Թինա Թյորները, Էրիկ Քլեփթոնը, Սթիվի Ուանդերը, ինչպես նաեւ «Սփայս գըրլզ» խմբի հետ: