Երեւանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների եւս մեկ տոնավաճառ, որն այսուհետ կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին` Խորենացի փողոցի Ագաթանգեղոս-Տիգրան Մեծ միջանկյալ հատվածում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել եւ ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք վաճառողների, գնորդների հետ:

Ինչպես Արբակիր վարչական շրջանում կազմակերպվող համանման շուկայի պարագայում, այս դեպքում եւս գյուղմթերք արտադրողներին Երեւանի քաղաքապետարանի կողմից տարածքները տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

«Դեռ անցյալ տարի մենք խոստացել էինք մեր համաքաղաքացիներին, որ անհրաժեշտության դեպքում Երեւանում նոր տեղեր կհատկացնենք գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման համար: Եթե այլ վարչական շրջանների բնակիչների կողմից եւս լինի նման պահանջարկ, ապա քաղաքապետարանը պատրաստ է նոր տարածքներ հատկացնել»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարեւորելով գյուղմթերքի շուկաների առկայությունը մայրաքաղաքում` քաղաքապետը նաեւ ընդգծել է, որ այդպես գյուղացիներին լավ հնարավորություն է ընձեռվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին երեւանցիներին կապահովի առավել մատչելի գներով գյուղացիական արտադրության բնամթերքի ձեռքբերումը:

Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Օղակաձեւ զբոսայգու տարածքում եւ ծանոթացել կատարված ու ընթացող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին:

Զրուցելով բնակիչների հետ եւ լսելով նրանց առաջարկները` քաղաքապետը տեղում հանձնարարել է զբոսայգու հին նստարանները փոխարինել նորերով, ինչպես նաեւ տեղադրել աղբամաններ ու մշտապես հետեւել այգու բարեկարգմանը եւ խնամքին: