ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է մահից հետո դրախտ ընկնել, քանի որ իրեն կրոնասեր մարդ է համարում։ Այս մասին նա խոսել է նոյեմբերի 8-ին՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Հույս ունեմ։ Չեմ ուզում դժոխք ընկնել», — պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, թե արդյոք ակնկալում է դրախտում հայտնվել։
Զրույցի ընթացքում լրագրողը Թրամփին հիշեցրել է զոհված պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի հիշատակի արարողության ժամանակ նրա ելույթի մասին։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահը խոստովանել էր, որ ատելություն է զգում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ և նրանց լավը չի ցանկանում։
Հարցազրուցավարը հետաքրքրվել է՝ արդյոք Սպիտակ տան ղեկավարը կկարողանար ներել իր ընդդիմախոսներին, եթե դա դրախտ ընկնելու անհրաժեշտ պայման դառնար։ Թրամփը բացասական պատասխան է տվել՝ բացատրելով, որ նման հայտարարությունն անկեղծ չէր լինի։
Ամերիկացի առաջնորդն իր հակառակորդներին անվանել է անազնիվ մարդիկ, որոնք, իր կարծիքով, զգալի վնաս են հասցրել երկրին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հանդեպ իր սերը շատ ավելի ուժեղ է, քան քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր բարի զգացմունքները։




























