Չինաստանում դատարանը օգոստոսի 20-ին Չունցին քաղաքի նախկին ղեկավար եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախկին անդամ Բո Սիլայի կնոջը` Գու Կայլային մահվան է դատապարտել` երկու տարվա հետաձգմամբ: Կինը մեղավոր է ճանաչվել բրիտանացի գործարարի սպանության գործով:

Գործնականում այս մահապատիժը հետագայում կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, եթե Գու Կայլայը մոտակա երկու տարիների ընթացքում որեւէ իրավախախտում չկատարի:

Բո Սիլայի կնոջ մեղսակիցներն ազատազրկվել են 9 տարով, հայտնում է «Գազետա.ru»-ն:

Բրիտանացի գործածար Նիլ Հեյվուդի սպանության գործը մեծ արձագանք էր գտել, ինչպես Չինաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գործարարը սպանված է գտնվել 2011թ.-ի նոյեմբերի 15-ին Չունցին քաղաքի հյուրանոցներից մեկում: Սկզբում ենթարդրում էին, որ նրա մահը վրա է հասել սրտի կաթվածի արդյունքում, սակայն քաղաքապետի նախկին ավագ օգնականը հետագայում հայտնել է, որ Հեյվուդը սպանվել է:

Հետաքննությունը պարզել է, որ Գու Կայլան եւ նրա որդին ` Բո Գուագուան լավ հարաբերություններ են ունեցել Հեյվուդի հետ, սակայն նրանց միջեւ տնտեսական հարցերում անհամաձայնություն է ծագել: Արդյունքում կինը թունավորել է բրիտանացուն, երբ նա գտնվել է ալկոհոլի ազդեցության ներքո, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍԸ: