WikiLeaks սկանդալային նշանավոր կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը օգոստոսի 19-ին երկու ամիսների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Իր կողմնակիցներին նա դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից, որտեղ նա թաքնվում է բրիտանական իշխանություններից:
Առաջին հերթին Ասսանժը շնորհակալություն է հայտնել Էկվադորի իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու համար: Նա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կոչ է արել «ճիշտ ընտրություն կատարել»: «ԱՄՆ-ում պետք է դադարեցնեն WikiLeaks-ի հետապնդումները, որը հիշեցնում է վհուկների դեմ իրականացվող որսի, հրաժարվել կայքի ստեղծողի եւ նրա կողմնակիցների հետապնդումներից: Եթե WikiLeaks-ը հայտնվել է վտանգի առաջ, ապա վտանգի առաջ է հայտնվել նաեւ արտահայտման ազատությունը եւ մեր ողջ հանրության առողջությունը»,-հայտնել է նա: Նա Օբամային կոչ է արել ազատ արձակել «աշխարհի ամենաառաջին քաղբանտարկյալ» Բրեդլի Մեննինգին:
Ջուլիան Ասսանժը հայտնել է, որ մի շարք երկրների իշխանություններ չեն ցանկանում, որ քաղաքացիները իմանան ճշմարտությունը կամ էլ այլ կարծիք ունենան, այդ պատճառով ռեպրեսիվ միջոցներ են կիրառում անհամաձայնների նկատմամբ, հայտնում է «Կոմերսանտը»:
Նման դեպքերի զոհերի թվում, իր հետ միեւնույն շարքում Ասսանժը տեսնում է նաեւ Pussy Riot փանկ խմբի երեք անդամներին, ովքեր անցյալ շաբաթվա վերջին Մոսկվայում երկու տարվա ազատազրկման են դատապարտվել «քաղաքական ելույթների» համար:




























