Ռուսաստանի քննչական կոմիտեն «Էխո Մոսկվի» ռադիոկայանից պահանջել է այն եթերների ձայնագրությունները, որոնց մասնակցել է Քսենիա Սոբչակն ու հայտնի ռուսաստացի ընդդիմադիրներ:

«Անակնկալ է. զանգահարեցին «Էխո»-ից ու ասեցին, որ իրենց մոտ է Քննչական կոմիտեի պաշտոնական նամակը, որով խնդրում են տրամադրել իմ եթերները եւ հեռախոսահամարները», - գրել է Սոբչակը օգոստոսի 20-ին Twitter-ում: 

Նույն պահանջի մասին Twitter-ում գրել է նաեւ Նավալնու մամուլի քարտուղար Աննա Վեդուտան:  «Ինձ, ինչպես եւ Քսենիա Սոբչակին զանգել են ռադիոկայանից:  Ասացին, որ Քննչական կոմիտեն պահանջել է Ալեքսեյ Նավալնու հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն. Անակնկալ էր», - գրել է Վեդուտան, հայտնում է BBC-ի Լուրերի ռուսական ծառայությունը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանում «Ինտերֆաքսին» հաստատել են այդ տեղեկատվությունը: Ռադիոկայանի ներկայացուցչի խոսքերով՝ Քննչական կոմիտեն իր դիմումով պահանջում է ոչ միայն Քսենիա Սոբչակի, այլեւ Ալեքսանդր Նավալնու, Իլյա Յաշինի եւ այլ ընդդիմադիրների մասին տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Սոբչակը, Նավալնին եւ Յաշինը որպես վկա անցնում են մայիսի 6-ին Բլոտնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների գործով: