Ռուսաստանը հնարավոր է կվերսկսի ուղեծիր տիեզերական զբոսաշրջիկներ ուղարկելու ծրագիրը, իսկ հաջորդ զբոսաշրջիկը երեք տարի անց կարող է դառնալ բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանը:
«Ինտերֆաքսի» տվյալներով` մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարվի հերթական տիեզերական զբոսաշրջիկի անունը, ով հնարավոր է Միջազգային տիեզերակայան կթռչի արդեն 2015 թ.-ին:
Նշանավոր կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի կինը` Սարա Բրայթմանը, ով ցանկություն է հայտնել մեկնել տիեզերք, մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստան է ժամանել: 52-ամյա աստղը Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում բժշկական հանձնաժողովից վերապատրաստման իրավունք է ստացել:
«Ռոսկոսմոսը» Space Adventures ընկերության հետ միասին 2001 թ.-ից սկսել են համագործակցել տիեզերական զբոսաշրջիկներ տիեզերք ուղարկելու ծրագրի շուրջ: Միջազգային տիեզերակայանի պատմության մեջ առաջին տիեզերական զբոսաշրջիկ է դարձել ամերիկացի բիզնեսմեն Դենիս Տիտոն: Մինչեւ այժմ կայանում հասցրել են լինել եւս 7 մարդ, ընդ որում զբոսաշրջիկներից մեկը` Չարլզ Սիմոնին երկու անգամ է թռիչք իրականացրել: «Միջազգային տիեզերակայանի տոմսի» արժեքը կազմում է ավելի քան 30 միլիոն դոլար, սակայն հարուստ ռոմանտիկներին այս գինը չի հուզում:




























