Պերմի շրջանի բանտում գտնվող Հայաստանի քաղաքացի Ավետիք Սարգսյանը նամակ է գրել «Ժամանակի մեքենա» խմբի երգիչ Անդրեյ Մակարեւիչին: Նամակի պատճառ է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Մակարեւիչի հայտարարությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի սկզբին երաժիշտը դիմել է պետության ղեկավարին : Նա բողոքել է կեղծ դատավճիռների եւ կաշառակերության դեմ:
Ինչպես հաղորդում է 59.ru-ն, թմրադեղերի առքուվաճառքի մեջ կասկածվող Ավետիք Սարգսյանը հիշեցրել է Մակարեւիչի նամակի այն հատվածը, որտեղ ասվում է, որ «ռուսական դատարաններում քննվող դատական գործերի 38 տոկոսը շինծու է »: «Ես չեմ կարող արձանագրել, որ մտնում եմ այդ 38 տոկոսի մեջ, սակայն իմ քրեական գործը ամբողջովին շինծու է,-գրում է Սարգսյանը. «Պարոն Մակարեւիչ, գտնվելով Պերմի բանտում` իմ բողոքների համար ես պատասխան չեմ ստանում: Իսկ եթե պատասխան է ստացվում, ապա դա բոլորվին այն չէ, ինչ ես ակնկալում էի ստանալ»:
Դատապարտյալը վստահեցնում է, որ ունի բոլոր ապացույցները, որոնք ապացուցում են, որ իր գործը շինծու է եւ խնդրում է Անդրեյ Մակարեւիչին իր հարցով դիմել Պուտինին: Հիշեցնենք, որ Ավետիք Սարգսյանը չի ընդունում իր մեղքը: Որպես բողոքի նշան` նա կարել է բերանը:




























