Վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում խորհրդարանում ու տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված հայ պատգամավորները ու պաշտոնյաները եղել են նշանակովի։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին , մամուլի ասուլիսում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Նա ասաց, որ նշանակվել են մարդիկ, որոնք կառավարման մարմիններում ու խորհրդարանում չեն պաշտպանել վրացահայերի շահերը ու հանցավոր լռությամբ խրախուսել են Վրաստանի իշխանություններին: «Վրացահայերը ենթարկվում են ազգային խտրականության, իսկ ազատ մտքի բոլոր դրսեւորումները բացահայտ կերպով ճնշվում են: Այն դեպքում, երբ Վրաստանի վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ բխում է իր ազգային շահերից, Հայաստանի իշխանությունները մատնված են անգործության եւ Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է նրանց վրա»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ փոխարտգործնախարարի այն հայտարարությանը, որ Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորվում են, առաջնորդվելով Հայաստանի ռազմավարական շահերից, նա ասաց, որ այն արժանի է ընդամենը հեգնանքի` հաշվի առնելով, որ Ջավախքն, որն ունեցել է հիմնականում միատար հայ բնակչություն, հայաթափվում է, այստեղ բնակեցնում են վրացիների , թուրքերի ու աջարների: «Ջավախքում տիրում է սարսափի մթնոլորտ, որն Թբիլիսիի մշակած ծրագրի արդյունքն է, իրականացվում է նշանակված հայ պաշտոնյաների ու Երեւանի հանցավոր անտարբերության պայմաններում»,-ասաց Ենիգոմշյանը։
Հարցին ` ինչ ակնկալիքներ կան Վրաստանում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններց եւ, որքանով կնպաստի ընդդիմադիրների հաղթանակը վրացահայերի սոցիալ –քաղաքական հիմնախնդիրների լուծմանը, նա ասաց ,որ ինչպիսին էլ լինեն արդյունքները, ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարության պայմաններում։ «Միայն ժողովրդավարության պայմաններում հնարավոր կլինի պաշտպանել մեր հայրենակիցների շահերը, իսկ այսօրվա Վրաստանի իշխանությունները դեռեւս շատ հեռու են դրանից: Դրա վառ օրինակն է Վահագն Չախալյանի բանտարկությունը ու բանտերում տեղի ունեցած անօրինականությունները»,-ասաց Ենիգոմշյանը ու ավելացրեց. «Բանտն այդ հասարակության պատկերն է, այնտեղ մարդիկ ավելի խոցելի են ու եթե այդպիսի վիճակ է, կարելի է պատկերացնել իշխանությունների վերաբերմունքը վրացահայերի նկատմամբ»։




























