Դերասանուհի Դրյու Բերիմորն առաջին երեխային է լույս աշխարհ բերել: Փոքրիկ Օլիվիան նախորդ շաբաթ է ծնվել, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Դրյու Բերիմորը եւ նրա ամուսին Ուիլ Քոփելմանը պաշտոնական հայտարարություն են արել:

«Մենք հպարտ ենք հայտարարել մեր դստեր` Օլիվիա Բերիմոր Քոփելմանի լույս աշխարհ գալու մասին: Նա ծնվել է սեպտեմբերի 26-ին` առողջ եւ երջանիկ: Մենք բոլորին երախտապարտ կլինենք մեր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի համար», - հայտարարել է երջանիկ զույգը, հայտնում է  Tata-ն:

37-ամյա դերասանուհու հղիության մասին լուրերը տարածվել էին փետրվարին: Բայց Բերիմորը գերադասել էր լռել: Հունիսին, երբ նրա հարսանեկան նկարները տարածվեցին ամբողջ աշխարհում, ամեն ինչ պարզ դարձավ: Լուսանկարներում Դրյուի նորաթուխ ամուսինը քնքշորեն գրկել էր նրա մեծացող փորիկը:

Վերջին շաբաթներին Բերիմորը զբաղվում էր յոգայով, նաեւ երկար ժամանակ էր անցկացնում Քոփելմանի ծնողների հետ: Ամուսինն այդ ամբողջ ընթացքում խիստ զբաղված էր աշխատավայրում: Ասում են, որ հենց Ուիլն է չարաճճի Դրյուին համոզել երեխա ունենալ: