Վերջին ժամանակներում մամուլում, մասնավորապես ինտերնետ լրատվական կայքէջերում, հրապարակվում են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեպքերի վերաբերյալ տեղեկություններ: Նշված թեմային վերաբերող որոշ հոդվածներում նշվում է նաեւ, որ  իրավապահ մարմինների կողմից բացահայտված թրաֆիքինգի դեպքերը չեն ներկայացնում իրական պատկերը եւ դրանք, այդ թվում` երեխաների թրաֆիքինգի դեպքերը, իրականում շատ ավելի են եւ հայտնի են հասարակությանը, բայց` ոչ իրավապահներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հիշյալ հրապարակումների հիման վրա իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածներում տեղ գտած տեղեկությունները հիմնականում վերաբերում են 2004-2009թթ. ընթացքում կատարված իրադարձություններին: Նշված դեպքերը գրեթե ամբողջությամբ հայտնի են ՀՀ իրավապահ մարմիններին եւ ստացել են իրենց քրեաիրավական գնահատականը: Բացի այդ, պարզվել է, որ հրապարակված որոշ տեղեկություններ մտացածին են եւ չեն համապատասխանում իրականությանը կամ ստացվել են անհայտ աղբյուրներից:

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.2 , 132.3  հոդվածների` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը», «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը» եւ «Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը» հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 16 գործերով, որոնցից 4-ը` նախկինում հարուցված եւ 2012թ. փոխանցված գործեր են, 3-ը վերսկսվել են հետախուզվողների հայտնաբերման կապակցությամբ, 1 գործ նախկինում հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 178-րդ հոդվածով /Խարդախություն/, փոխանցվել 2012թ., այնուհետեւ վերաորակվել է 132-րդ հոդվածի, 8 գործեր հարուցվել են 2012թ.:

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում վերաորակված եւ հարուցված 9 գործերից 5-ը` վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը, 1-ը` ՀՀ-ում անչափահասի շահագործմանը` մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելուն, 1-ը` ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային շահագործմանը, 1-ը` շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելուն: Պոռնկության շահագործման 5 գործերից 3-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 2-ի շահագործումն իրականացվել է Թուրքիայում:

Նշված գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել նոր` 15 զոհեր, որոնցից 8-ը` կանայք: 15 զոհերից 1-ը` հանցագործության կատարման ընթացքում եղել է անչափահաս:

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ 15 հանցագործության դեպքեր: