«Էրեբունի-Երեւան 2794» տոնակատարությանն ընդառաջ տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի եւ www.myyerevan.am կայքի թարմացված տարբերակների շնորհանդեսը: Ինչպես NEWS.am- ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր էջում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն է ինչպես երեւանցիներին, այնպես էլ համայն աշխարհի հայերին ու մայրաքաղաքի հյուրերին:  Քաղապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշել է, որ կայքը ծառայելու է նաեւ որպես բնակիչների եւ քաղաքապետարանի միջեւ համագործակցութան եւ համատեղ աշխատանք ծավալելու յուրօրինակ հարթակ: Նա նաեւ մատնանշել է պաշտոնական կայքի գլխավոր էջում ներկայացված թեժ գծի 4 հեռախոսահամարները, որոնցից մեկը`1-08, գործում է շուրջօրյա, իսկ մյուս երեքը` 51-41-52, 51-41-87 և 51-42-36, բոլոր աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչեւ 18:00:

Ի դեպ, կայքի ինտերակտիվ քարտեզ բաժնում զետեղված է նաև Էրեբունի-Երևան 2794 տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների, փակ փողոցների ցանկը, և այլ մանրամասներ:

Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ, ներկայացնելով www.myyerevan.am երկլեզու կայքի թարմացված տարբերակը, նախ նշել է, որ այն, ըստ էության, նաեւ զբոսաշրջային կայք-պորտալ է, ուր հաճախելով կարելի է պատկերացում կազմել Երեւանի մասին եւ, ցանկության դեպքում, ուղիղ միացումով հետեւել  քաղաքի այս կամ այն հատվածի անցուդարձին, կամ անցկացվող տարաբնույթ միջոցառումներին: Նա նաեւ նշել է, որ արդեն   առանձին առկա է  Էրեբունի-Երևան 2794-ին առնչվող ամբողջական տեղեկատվությունը` հավելելով, որ հոկտեմբերի 14-ին www.myyerevan.am կայքի միջոցով բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան տոնական տարբեր հարթակներում ընթացող միջոցառումներին հետևել նաև ուղիղ տեսամիացումների միջոցով: