ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր առավոտյան խոհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում, որի օրակարգում էին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքերի ընթացքին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե զեկուցվեց, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 770,2 մլն դրամի դիմաց կազմել են 739,4 մլն դրամ, կատարողականը 96% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 85.5%, միայն 11 համայնքում է արձանագրվել 70%-ից ցածր ցուցանիշ:
Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարեց մարզի համայնքներում հավաքագրումների տեմպերը` միաժամանակ նշված 11 համայնքների ղեկավարներին հորդորելով ցուցանիշները բարելավել եւ ուշադրության կենտրոնում պահել վարչարարության ու հարկային կարգապահության խնդիրները:
Խորհդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին եւ չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Մարզում երրորդ ծրագրով իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 70 տոկոս: Չորրորդ ծրագրով մարզին հատկացված 261 մլն դրամը եւս կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, որոշ համայնքների գազիֆիկացմանը:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման ընթացքի մասին: Կառավարության օգոստոսի 30-ի որոշմամբ այդ նպատակով հատկացվել է 137 մլն դրամ: Տեղեկացվեց, որ արդեն կատարվել է աշխատանքների մոտ 65 տոկոսը, նորոգումը նախատեսվում է ավարտել մինչեւ նոյեմբերի կեսերը:
Անդրադարձ եղավ նաեւ գյուղատնտեսական խնդիրներին: Փոխվարչապետին զեկուցվեց, որ մարզում առաջիկա օրերին կավարտվի խաղողի մթերման գործընթացը: Վերամշակող ընկերությունները մարզի բնակչությունից արդեն մթերել են 2715 տոննա խաղող` կիլոգրամը նվազագույնը 220 դրամով: Նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են կազմակերպված: Բերքի դիմաց վճարումները ընկերությունները խոստացել են կատարել մինչեւ նոյեմբերի 1-ը:
Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի մասին:
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց նաեւ տարածաշրջանի ՋՕԸ-երի եւ ՏԿՆ ջրտնտպետկոմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվեցին ոռոգման շրջանի ավարտի, ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովմանն առնչվող հարցեր:
Վայոց ձորից փոխվարչապետը մեկնեց Սյունիքի մարզ, Տաթեւ համայնքում ծանոթացավ դպրոցի շենքի վիճակին, որը նախատեսվում է հիմնանորոգել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Զեկուցվեց, որ կատարվում են նախագծային աշխատանքները, որի ավարտից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ:
Փոխվարչապետն այցն ավարտեց Տանձատափ համայնքում, որը Տաթեւի վանական համալիրի հարակից վեց գյուղերի թվում ընդգրկված է «Տաթեւի վերածնունդ» ծրագրում: Ա. Գեւորգյանը շրջայց կատարեց համայնքում, ծանոթացավ ենթակառուցվածքային հնարավորություններին: Համայնքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքի առաջնահերթ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:





























