Հայաստանի քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ինքը դժգոհ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից: Իսկ դժգոհության առիթը, ըստ լրատվամիջովների տարածած տեղեկությունների, Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում իր` որպես վկա հարցաքննվելու առնչությամբ Գագիկ Ծառուկյանի լռությունն է:
«Բացառավում է, նման բան չկա, ոնց կարող է լինել, մենք հազար թելերով ենք իրար կապված: Ոչ միայն կուսակից ընկերներ ենք, այլեւ հարազատներ, բարեկամներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանը: Նա նշեց, որ մշտապես հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ, նա տեղյակ է գործի մանրամասներից, քննարկել են ամեն ինչ եւ այլն: «Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ իմ հետ կապված բան չկա, ինչ-որ կապում են իմ հետ, դա հերյուրանք է, ընդամենը լրատվամիջոցների կարծիքն է»,- ասաց Վարդան Վարդանյանը: Նախկին նախարարը այս գործի շրջանակներում իրեն հարցաքննելը չի համարում ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական արշավ: «Հիմա այդ ո՞ր ոլորտում թերություններ, բացթողումներ, չարաշահումներ, խնդիրներ չկան, ով արել է, թող դրան պատասխան տա»,- նշեց Վարդան Վարդանյանը` շեշտելով, որ ինչ գրել են, գրել են լրատվամիջոցները եւ ամեն ինչ ներկայացրել են չափազանցրած: ԲՀԿ-ական նախկին նախարարը չի կարծում, որ իրեն որպես մեղադրյալ կներգրավեն այդ գործում: «Չեմ կարծում, որ նման բան լինի»,- ասաց նա: Հարցին, թե ձեր կուսակիցները նշում էին, որ այդ գործի հետ կապված դուք լիքը ասելիք կունենաք, նա պատասխանեց, որ պատմել է այն, ինչ կա, ասել է, որ ինչ-որ գրում են, դա իր հետ բացարձակ կապ չունի: «Իմ խիղճը հանգիստ է, իմ կողմից որեւէ չարաշահում թւոյլ չի տրվել, բացարձակ նման խնդիր չկա»,- ասաց նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության` որպես վկա:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:




























