«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում չգիտեն, թե հոկտեմբերի 21-ին կայանալիք «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստում խմբակցությունից «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին հեռացնելու որոշում կայացվելու է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը: 

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե «Ժառանգության» ընդլայնված նիստին ինչ հարցեր են քննարկելու: Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանին` «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելուն, ապա մամուլի խոսնակի փոխանցմամբ, իրավական առումով «ԱԺ կանոնակարգ» օրենքը նման բան չի թույլատրում: Իսկ եթե հանկարծ «Ժառանգությունը» նման որոշում կայացնի, ապա Անժելա Խաչատրյանի փոխանցմամբ, ժամանակը ցույց կտա, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը:

Ի դեպ, փորձեցինք հենց «Ժառանգությունից» մեկնաբանություն ստանալ կայանալիք նիստի օրակարգի, քննարկվող հարցերի եւ Քոքոբելյանին հեռացնելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ, սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները կամ չէին պատասխանում զանգերին, կամ խիստ զբաղված էին, կամ էլ հայտարարում էին, թե ոչինչ չեն կարող ասել:

Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, թե հոկտեմբերի 21-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդլայնված նիստ՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։  «Ժամանակի» տեղեկություններով, նիստում, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հեռացնելու մասին։ Սրանով էլ վերջ կդրվի «Ժառանգություն» - «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը։ Վերջինիս ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը կշարունակի մնալ «Ժառանգություն» խմբակցությունում, քանի որ օրենսդրությունն է այդպես պահանջում, բայց դա կլինի ձեւական»,- գրում է «Ժամանակը»։