Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում մեկ տասնյակ սիբիրյան խոցի կասկածելի դեպք է գրանցվել, սակայն դեռեւս չենք կարող ասել, որ Հայաստանում կա սիբիրյան խոց: Այդ մարդկանց մոտ հիվանդության առկայության կամ հերքման մասին հնարավոր կլինի խոսել միայն 14 օր անց, երբ պատրաստ կլինեն փորձաքննությունների պատասխանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

«Կենսաբանական փորձ է մկների վրա, իրավունք չունենք թեկուզ նախնական ինչ-որ բան  ասելու, մինչեւ փորձաքննության պատասխանը չլինի».- ասաց Լիաննա Թորոսյանը:

Նա նշեց, որ մարդիկ, որոնց մոտ կասկածվում է սիբիրյան խոց, տեղափոխվել են հիվանդանոց եւ ստանում են հակաբիոտիկային թերապիա:  Նրանց շարքում, բարեբախտաբար,  երեխաներ չկան, հիմնականում մեծահասակներ են, որոնք զբաղվում են անասպահությամբ եւ գործ են ունենում կենդանիների հետ: Լիանա Թորոսյանի խոսքով` սիբիրյան խոցը առաջանում է կենդանիների հետ շփման արդյունքում, վարակվում են  հիվանդ կենդանուց կամ դրա մսամթերքի օգտագործումից: Այս հիվանդության դեպքում մարդը մարդու համար վարակիչ չէ: Սիբիրյան խոցի ախտանշաններն են մաշկի վրա վերքերի առաջացումը, ջերմությունը եւ այլն:

Լիանա Թորոսյանը կոչ է անում ազգաբնակչությանը խուճապի չմատնվել, որովհետեւ իրավիճակը հսկողության տակ է, ամեն օր բժիշկները մեկնում են Գեղարքունիքի մարզ: «Բժիշկները աշխատում են այնտեղ եւ եթե ձեռքերի վրա անբացատրելի վերքեր կան,  ապա թող անմիջապես դիմեն բժշկի»,- ասաց նա: 

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը նաեւ նշեց, որ պետք է  ուշադիր լինել միս գնելիս, գնել միայն մսամթերքի վաճառք իրականացնելու թույլտվություն ունեցող կրպակներից, ուշադիր լինել` արդյոք այն պահպանվում է սառնարանում, կան համապատասխան փաստաթղթեր, թե ոչ եւ այլն:

Նշենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել  է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: